Եգիպտական հեղինակավոր «Ալ Ահրամ» օրաթերթում լույս է տեսել եգիպտացի ճանաչված հրապարակախոս, միջազգային իրավունքի մասնագետ Այման Սալամայի արաբերեն հոդվածը` Հայոց ցեղասպանության մասին։
«Ցեղասպանությունը՝ միջազգային հանցագործությունների հանցագործություն» հոդվածում հեղինակը հաստատում է, որ 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված ոճիրը ցեղասպանություն է՝ համաձայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի դրույթների։
«Ցեղասպանությունը ցնցել է մարդկային խիղճը, գլոբալ համակարգը, մարդկային արժանապատվությունն ամբողջությամբ։ Այդ սարսափելի հանցանքը, դրա եղկելի գործերը պատմության մատյանում գրանցված են սևով։ Այն ոչ միայն ոտնահարում է միջազգային իրավունքը, այլև երկնային բոլոր կրոնները: Դա մարդկային ամբողջ հանրության գոյության իրավունքի մերժումն է»,- ընդգծում է հոդվածագիրը։
Այման Սալաման, ով մասնակցել է ապրիլի 22-ից 23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, մանրամասն կերպով հիմնավորում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ Թուրքիայի ժխտողականությունն անհամատեղելի է բարոյական, մարդկային և իրավական արժեքների հետ և Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերությունները նորմալացնելու գլխավոր խոչընդոտն է։
Քննադատելով Անկարայի կեցվածքը՝ Սալաման գրում է. «Ներկայիս թուրքական կառավարությունը պնդում է, որ 1915թ. հայերից զոհ է գնացել ընդամենը 300 հազար մարդ, որոնք, իբր, մահացել են սոսկ եղանակային վատ պայմանների, սովի և ծարավի պատճառով, թե իբր նրանց ուղեկցող թուրք զինվորները մի փամփուշտ անգամ չեն արձակել` հայերին սպանելու համար»։
Հեղինակը եզրափակում է, որ անցյալում մարդու իրավունքների ոտնահարումների մասին ճշմարտության իմացությունը հասարակություններին ուժ է տալիս կանխարգելելու նմանատիպ իրադարձությունների կրկնությունը, ինչպես նաև օգնում է հաշտեցմանը։ Իրազեկված լինելը հիմնարար անհրաժեշտություն է պառակտումների և բաժանարար գծերի վերացման համար։