Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ Թեհրանի հանձնախմբի աշխատանքները լրագրողներին ներկայացրեց Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի փոխնախագահ Արա Շահնազարյանը: «Մենք Թեհրանում ունենք 9 եկեղեցիներ, ունենք տարբեր միություններ, ունենք համայնքի օրենսդիր ու գործադիր մարմիններ: Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ձևավորվել է Թեհրանի 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնաժողովը, որը Իրանի մտավորական, քաղաքական, լրատվական շրջանակների հետ աշխատանքներ է տանում: Մենք մեծ աշխատանք ունենք տանելու Իրանի ներսում: Ունենք 2 պատգամավոր Իրանի Իսլամական Խորհրդարանում, մեկը Սպահանի, մյուսը Թեհրանի շրջանից: Մեր պատգամավորները մեզ աջակցում են պետության հետ աշխատանքներում: Դուք գիտեք, որ Իրանը ոչ հերքել, ոչ հաստատել է Ցեղասպանության հարցը: Ունենք Հայ դատի հանձնախումբ, որի միջոցով քարոզչական աշխատանքներ են տարվում: Ցեղասպանության ճանաչումից դեպի իրավական հատուցում ճանապարհն է հարթել պետք: Մենք պետք է իրավական գետնի վրա սկսենք հատուցում պահանջել: 100-ամյա տարելիցի շեմին մշակութային միությունները ձևավորել են նաև ենթահանձնաժողովներ: Մենք հույս ունենք, որ կկարողանանք Եղեռնի ընդունման ու հատուցման գործընթացը կազմակերպել: Այն ներուժը, որն ունի Իրանը, ցավոք Հայաստանում դեռ չի գիտակցվում: Իր արտադրությունները շատ որակյալ են: Ցավոք սրտի, քաղաքական պատճառներով Իրանական արտադրությունը Հայաստանում ճանաչված չէ: Սահմանափակվում ենք տարին երկու-երեք անգամ ցուցադրություն-էքսպոներ անելով»: Նշենք, որ Իրանում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Ներկայում իրանահայերի թիվը 560.000 մարդ է, որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում։
Արմեն Մկրտչյան