Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պատասխանեցին իրենց գործընկեր՝ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ը սեւ փիարով է զբաղվում: «ԲՀԿ-ը չի սկսել սեւ փիար իրականացնել: Այս ամենը եղել է արձագանք օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղեկատվական ռեկետի ու տեռորի»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք՝ երեկ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր՝ «Իմ քայլը» դաշինքում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարազատներն են: Նաիրա Զոհրաբյանը նաև ասել էր՝ թքեմ այն տղամարդու երեսին, որ անանուն, ֆեյքերով հայհոյում է:
Իվետա Տոնոյանն ասաց, որ կոչեր են եղել մարդկանց՝ չընտրելու Նաիրա Զոհրաբյանին՝ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին:
ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենց ձեռքի տակ եղած փաստերը պետք է ներկայացնեն եվրոպական կառույցներին, մասնավորապես, Հայաստանում գտնվող մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին: «Այն, ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանությունից»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Օրենսդիր մարմնի անդամն ասաց, որ ատելության քարոզ է ընթանում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ:
Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ասել են՝ նոր Հայաստանում պետք է նոր որակներով քարոզարշավ լինի:
Սոնա Դավթյան