Հանրապետության տարածքը այժմ գտնվում է Սեւ ծովից մեր երկիր թափանցած հերթական ցիկլոնի ազդեցության տակ։ Այն կտեւի մինչեւ մայիսի 28-ը ներառյալ,- Araratnews,am-ի հետ զրույցում հայտնեց Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ցիկլոնի ազդեցության հետեւանքով գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրեւներ՝ ուղեկցվող ամպրոպներով եւ քամու ուժգնացմամբ. առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Բացառություն կկազմի միայն մայիսի 25-ը. այդ օրը տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:
Չնայած անկայուն եղանակին՝ օդի ջերմաստիճանի ղական փոփոխություն չի լինի: Առաջիկա 5 օրերին Երեւանում գիշերը կանխատեսվում է +13…+15, ցերեկը +25…+29 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է:
«Ինչ վերաբերվում է տեղումների քանակին, ապա պետք է ասեմ, որ այն մայիսի 23-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 60-90%-ը, սակայն մինչեւ ամսվա վերջ կմոտենա նորմային, իսկ առանձին հատվածներում նույնիսկ կգերազանցի ամսական նորման:
Հատուկ ուզում եմ առանձնացնել մայիսի 27-ը, քանի որ պայմանավորված Վերջին զանգի արարողությամբ հասարակությունը շատ հետաքրքրված է այդ օրը սպասվող եղանակային պայմաններով: Ըստ նախնական կանխատեսումների՝ մայիսի 27-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային բնակավայրերում տեղումները կսկսվեն կեսօրից հետո, իսկ մյուս հատվածներում՝ երեկոյան ժամերին»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Հ. Գ.- Մայրաքաղաքի շրջանավարտներին խորհուրդ կտանք, ամեն դեպքում անձրեւանոցներ վերցնել, քանի որ, մեծ է երեկոյան ժամերին տեղումների հավանականությունը։