Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձևավորման շուրջ աշխատանքը Վիեննայում շարունակվում է՝ «Ռիա նովոստիի» փոխանցմամբ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով` եթե Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունում չի խոսվում այդ մեխանիզմների մասին, ապա դա ոչինչ չի նշանակում:
«Այն տվյալների համաձայն, որոնց տիրապետում են, Վիեննայում ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Ես չունեմ տեղեկատվություն, որ այդ հարցն անտեսվում է»,- ասել է դեսպանը:
Մանրամասնելով, թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, նա նշել է, որ դրանք ենթադրում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի հնարավորությունների և լիազորությունների ընդլայնում, ինչպես նաև շփման գծի ողջ երկայնքով մշտադիտարկում իրականացնողների թվի ավելացում: