Թուրքիայի խորհդրարանական ընտրություններին հետևող միջազգային դիտորդներն արձանագրել են, որ թեպետ եղել է մասնակցության բարձր մակարդակ, այդուհանդերձ ընտրական 10 տոկոսի շեմի առկայությունը մեծապես սահմանափակել է քաղաքական բազմակարծությունը:Այս մասին խոսվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Դիտորդների գնահատականներով` մտահոգվելու առիթ են տալիս նաև Թուրքիայում ընտրությունների նախաշեմին լրատվամիջոցների ազատության սահմանափակումները: ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են կուսակցական գրասենյակների և ֆիզիկական անձանց վրա մեծ թվով հարձակումները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն թափանցիկության ավելի մեծ տոկոսը կարող էր հանգեցնել վստահության մթնոլորտի մեծացմանը:
ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար Թայնի Կոքսը հորդորել է թուրքական իշխանություններին զգալիորեն նվազեցնել ընտրական տասը տոկոսի շեմը:
Դիտորդներն անդրադարձել են նախ նախագահ Էրդողանի ակտիվ մասնակցությանը նախընտրական քարոզարշավին, թեպետ սահմանադրական դրույթները նրան արգելում են այդպես վարվել: