տուն Լուրեր ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է այս տարի հանդիպելու՝ նախագահների պատրաստակամությունը

ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է այս տարի հանդիպելու՝ նախագահների պատրաստակամությունը

107
0

56257

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս տարի հանդիպելու պատրաստակամությունը: Այս մասին ասված է տարածաշրջան կատարած այցի արդյունքներով եռանախագահների տարածած հայտարարությունում:

Այցի ընթացքում համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը:

Երևան և Բաքու կատարած այցերի ընթացքում համանախագահները երկրների ղեկավարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար բանակցություններն առաջ մղելու ընթացիկ առաջարկները: «Մենք ողջունեցինք այս տարի հանդիպելու՝ նախագահների պատրաստակամությունը, և նրանք իրենց երկրների ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել աշխատել եռանախագահների հետ՝ նախագահների գագաթաժողովի օրակարգը մշակելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Միջնորդները նաև ողջունել են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով համեմատական կայունությունը, «ինչը համընկավ տարվա վերջին ամիսներին երկու երկրներում տեղի ունեցած միջազգային խոշոր իրադարձությունների հետ»: Ամեն դեպքում, նրանք անհանգստություն են հայտնել վերջերս լարվածության աճի առիթով և նախագահներին կոչ են արել խուսափել բռնության սրումից և միջոցներ ձեռնարկել՝ հրադադարի մասին համաձայնագրին խստորեն հետևելու համար:

Նախագահներն իրենց հերթին կրկին հաստատել են ԿԽՄԿ-ի հովանո ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակմանը հավատարմությունը:

Համանախագահները նաև այցելել են Վիեննա՝ Մինսկի խմբի անդամ-պետությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների համար: