ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է, որ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը:
Կողմերը քննարկել են Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ընդունված որոշումների կատարումը:
«Նախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Համանախագահները նախարարներին են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների մասին փաստաթղթի նախագիծը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը` բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսին` նպատակ ունենալով վերսկսել հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ քննարկումները: