Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պյեր Անդրիեն, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահողի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որոնք ներկայում գտնվում են Նյու Յորքում և նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հանդես են եկել հայտարարությամբ, որում խոր մտահոգություն են հայտնել քաղաքացիական բնակչության դեմ ծանր զենքերի գործադրման կապակցությամբ:
Համանախագահները ցավակցություն են հայտնել սահմանագծին հակամարտող երկու կողմերում էլ խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների կապակցությամբ: Նրանք կոչ են արել հակամարտող կողմերին խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում նոր զոհերից:
Համանախագահները ափսոսանք են հայտնել, որ այս լարումը տեղի է ունենում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ: «Ակնկալում ենք, որ նախարարները լուրջ քննարկում կանցկացնեն բռնության աճի և այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են բանակցային միջոցով կարգավորմանը», — ասվում է հայտարարության մեջ:
Մինսկի խմբի համանախագահներն ասել են, որ քանի դեռ իրենք ի վիճակի չեն պարզել, թե որ կողմից է սկսվել բռնությունը այն պարագայում, երբ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, վերջիններս պետք է աշխատեն ԵԱՀԿ կողմից հետաքննական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչը քննարկել են նախագահները: