տուն Լուրեր Խթանվում է քաղաքացիների մասնակցությունը համայնքների կառավարմանը

Խթանվում է քաղաքացիների մասնակցությունը համայնքների կառավարմանը

99
0

_mg_1941

Հունիսի 3-ին Հայաստանի Ուրցաձոր, Վարդենիկ, Ախթալա և Արթիկ համայնքները Եվրոպայի խորհրդի հետ ստորագրեցին համաձայնագրեր՝ համայնքային հրատապ խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու հարցում քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

Այս նպատակով համայնքներին կհատկացվի 5-հազարական եվրո դրամաշնորհ: Համաձայնագիրը ստորագրեցին ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և վերոնշյալ չորս համայնքների ղեկավարները:

Ծրագրի շրջանակում նշված համայնքներում կիրականացվեն նախաձեռնություններ՝ ուղղված համայնքային կյանքին բնակիչների մասնակցության ապահովմանը, մասնավորապես՝ համայնքային բյուջեի ձևավորման, բնապահպանական, էներգաարդյունավետության և համայնքային հրատապ այլ խնդիրների կարգավորման հարցերում:
«Առաջին անգամ է, որ ԵԽ գրասենյակը Հայաստանում դրամաշնորհներ է տրամադրում՝ համայնքներում քաղաքացիների մասնակցության ապահովման համար: Հուսով եմ, որ այս փորձնական ծրագիրը հաջողություն կունենա: Մենք կաջակցենք, որ ծրագրի արդյունքները և քաղված դասերը փոխանցվեն նաև Հայաստանի մյուս համայնքներին»,- նշեց ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորեց ծրագիրը՝ կարծիք հայտնելով, որ համայնքային խնդիրներին քաղաքացիների մասնակցութունը կխթանի տեղական ժողովրդավարության զարգացմանը և ՏԻՄ-երի կայացմանը: Ա. Գիլոյանը համայնքապետերին առաջարկեց, որպես մասնակցային ապահովման բաղադրիչ, կիրառել կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով համայնքային միկրոհարցումների անցկացման հնարավորությունը, ինչն արդեն կիրառվել է մի շարք այլ համայնքներում, և ապահովել ավագանու նիստերի առցանց հեռարձակումը:

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը` «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակում և Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ: