Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Շրջանառության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու ժամանակ հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին Օրինաց Երկիր խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց: «Երեկ, Դուք նախագծի ներկայացման շրջանակներում ասացիք, որ կամք է պետք, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողները կարողանան ստվերից հանել իրենց շրջանառությունը: Ես կարծում եմ, որ կամքի ուժ ունենալը ՓՄՁ-ների համար չէ միայն: Կամքի դրսևորումը քաղաքական պետք է լինի: ՓՄՁ-ների ներկայացուցիչներն իրենք են ասում, որ ոչ միայն իրենք, այլև բազմաթիվ չինովնիկներ, որոնք ստվերային շրջանում աշխատում են, պետք է դրսևորեն կամքի ուժ ու դուրս գան ստվերային քաղաքականությունից: Սա այն հարցի մասին, որ մենք ուզում ենք 58 միլիոնի շեմը բարձրացնել, մինչև 150 միլիոն: Հիմա կամքի դրսևորումը ո՞ւմ կողմից է պետք, ՓՄՁ-ների՞ց: Ասում են «ձուկը գլխից է հոտում», եթե այդպես է, մենք հիմա խոսում ենք պոչի մասին: Արդյո՞ք Դուք չեք գտնում, որ մենք պետք է կամք դրսևորենք, օգնենք ՓՄՁ-ներին, շրջանառության բեմը բարձրացնենք, թույլ տանք իրենց առանց ստուգումների կատարեն իրենց գործը նույն 3,5 տոկոսով: Այն թատրոնը, որը տեղի է ունենում՝ ժամանակ առ ժամանակ հետաձգելու, զավեշտի է վերածվել»:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Քաղաքական կամքի դրսևորումը նրա մեջ է կայանում, որ 58 միլիոն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին մենք տրամադրենք հարկային արտոնություն: Այսինքն, եթե նա ունի 58 միլիոն՝ նրան տրամադրել, իսկ եթե ավել՝ պետք է հարկ վճարի: Հիմա դուք մեզ ասում եք՝ թող հրաժարվեն 1 տոկոսից ու վճարեն 3,5 տոկոս: Այդ ի՞նչ է կատարվել, որ մարդիկ հրաժարվում են արտոնությունից: Ինչի՞ համար է դա արվում: Եթե հարկ վճարողը իր շրջանառությունը չի ֆիքսում ՀԴՄ սարքով, ապա մենք չենք իմանա, թե որքան է նրա շրջանառությունը: Մենք հիմա պետք է ապահովենք ամբողջ ներկրվող ապրանքների թափանցիկությունը, որը հետագայում մեզ թույլ կտա փաստաթղթաշրջանառությունը ամբողջությամբ իրականացնել: Քանի որ այս երկու կողմերը փոխկապակցված են իրար հետ, ապա պետք է դա իրար հետ իրականացնել: Այնպես որ, օգնություն պետք է տրամադրվի այն գործարարներին, որոնց շրջանառությունը 58 միլիոն է: Խնդիրն այն է, որ շատերը ցույց չեն տալիս իրենց շրջանառությունը: Այնպես որ, եկեք մեխանիզմ մշակենք, որ լուծենք այս խնդիրը»:
Հեղինե Բիշարյանն արձագանքեց Վարդան Այվազյանի պատասխանին՝ ասելով, որ խոշոր ներկրողին գիտեն, բերված ապրանքի քանակը գիտեն, ինչո՞ւ են ընկել ՓՄՁ-ների ջանին: «ՓՄՁ-ներն արդեն պատրաստ են իրենց կնիքները հանձնել ու երկրից գնալ: Մենք դա՞ ենք ուզում: Մենք գիտենք ովքեր են ներկրում: Այ իրենց գործը մենք պետք է հսկենք»:
Վարդան Այվազյանը հայտնեց, որ գիտի ովքեր են ու գիտի, որ Հեղինե Բիշարյանն էլ գիտի, սակայն, ոչ ոք չի հայտնում խոշոր բիզնեսով զբաղվողների մասին: «Տիկին Բիշարյան ես գիտեմ, որ այստեղ գործ տալու խնդիր կա: Խոսքը շաքարավազի վրա չի հիմնված: Խոսքը ապրանքների փաստաթղթավորումն է»: