տուն Լուրեր Խոշոր ձեռնարկությունները սկսել են ապրանքաշրջանառության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթեր տրամադրել

Խոշոր ձեռնարկությունները սկսել են ապրանքաշրջանառության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթեր տրամադրել

128
0

pmdz

Շրջանառության հարկ վճարող հանդիսացող փոքր ու միջին ձեռնարկատերերը «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների դեմ որպես հակափաստարկ մշտապես նշում էին խոշոր ձեռնարկատերերի կողմից փաստաթուղթ չտրամադրելը: Այս հարցն իսկապես խնդրահարույց էր, քանի որ անտրամաբանական կլիներ, եթե գործարարները միևնույն ժամանակ հրաժարվեին նոր օրենքի մյուս առանցքային դրույթից` շրջանառության հարկը 3,5%-ից 1% իջեցնելուց: Դատելով ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներից` ՀՀ կառավարությունը փաստաթղթաշրջանառության ակտիվացման ուղղությամբ որոշ գործնական քայլեր է ձեռնարկել:

 

Ինչպես հայտնի է` կառավարությունը տնտեսության ստվերայնությունը կրճատելու համար շրջանառության հարկ վճարողներին առաջարկում էր պահպանել փաստաթղթավորման խիստ ընթացակարգեր, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ արտացոլել շրջանառության իրական ծավալները: Սա իր հերթին լույս կսփռեր թե՛ խոշոր տնտեսվարողների և թե՛ ՓՄՁ-ների տնտեսական գործունեության «մութ ու լուսավոր» հատվածների վրա, հետևաբար` կմեծանային նաև բյուջե մուտքագրվող հարկերի ծավալները:

Սակայն դրա համար պահանջվող փաստաթղթերի ձեռքբերումը և ապրանքների գույքագրումն ըստ ՓՄՁ ներկայացուցիչների` որոշ խնդիրներ առաջ կբերեին, ինչից խուսափելով` նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել օրենքը: Այդ խնդիրներից գլխավորը, ինչպես նշվեց, խոշոր ներմուծողների ու արտադրողների կողմից մատակարարված ապրանքների ծավալներին համարժեք փաստաթղթեր չտրամադրելն էր, ինչից էլ հիմնականում բողոքում էին գործարարները:

Այս խնդրի հետ կապված վարչապետը նշել էր, որ կան մարմիններ, որոնք հետևելու և պատասխանատվության են ենթարկելու փաստաթղթեր չտրամադրող ձեռնարկատերերին, իսկ նոր օրենքի շրջանակներում ՓՄՁ-ները պետք է օգնեին, որպեսզի բացահայտվեն այդ անբարեխիղճ խոշոր ձեռնակատերերը: Ինչպես կարելի է հասկանալ ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից` համապատասխան մարմինները զգալի աշխատանքներ են տարել տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացման նպատակով:

Այսպես. հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 50 հազար 367 հատ կամ 106%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 466.3մլն դրամով կամ 8%-ով:

Սա նշանակում է, որ խոշոր մատակարարները սկսել են ավելի շատ փաստաթղթեր տրամադրել նախորդ տարվա նույն հատվածի համեմատ, ինչն էլ պահաջում էին ՓՄՁ-ները: Հրապարակման համաձայն` այդ աճը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և շրջանառությունների աճով, որոնց թվում են, մասնավորապես`«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»՝ 405.9մլն (1636 հատ), «Գրանդ Քենդի հայ-կանադական ՀՁ»՝ 211.5մլն (11976 հատ), «ՎԻՏԵՍ»՝ 228.7մլն դրամ (նույն քանակի պարագայում) ընկերությունները: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 10 հազար 901 հատ կամ 13%, որոնցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 778.7մլն դրամով կամ 14%-ով:

Փաստաթղթաշրջանառության այս և մի շարք այլ ցուցանիշների բարելավումը հույս են ներշնչում, որ 2015թ-ի փետրվարի 1-ից, երբ կրկին կվերագործարկվեն «Շրջանառության հարկի մասին» օրենքի փաստաթղթավորման մասին դրույթները, ՓՄՁ-ների համար ավելի հեշտ կլինի ապահովել նոր օրենքի առավել թղթատար պահանջները, իսկ  մանր ու միջին ձեռնարկատերերը խոշոր գործարարներից դժգոհելու ավելի քիչ պատճառներ կունենան:

 

Նորայր Բադալյան