տուն Լուրեր Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային հարկը բարձրացնելու մասին նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային հարկը բարձրացնելու մասին նախագիծը

150
0

photo (1)

Ազգային ժողովն այսօր  56 «կողմ», 38 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն` առաջին ընթերցմամբ:

Նշենք, որ ըստ նախագծի կառավարությունն առաջարկում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափը: Խոսքը վերաբերում է վառելիքի որոշ տեսակների, ծխախոտին և ալկոհոլային խմիչքներին:

Նախագծին դեմ քվեարկած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ նախագիծն այս լարված ժամանակահատվածում սպառողական շուկայում ցնցումներ առաջացնելը տեղին չէ:

«Հատկապես հասարակական տրանսպորտի, տաքսիստների և ընդհանրապես, ամբողջ հասարակության համար: Մենք դեմ ենք այս նախագծի ընդունմանը»,— ասաց պատգամավորը:

«Մենք էլ ենք դեմ, բայց երեկ ես հայտարարեցի, որ նախագծի երկրորդ ընթերցումը կլինի աշնանը»,- պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: