Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ողջիի, Փուխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև` ԶՊՄԿ ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ՀՀ կառավարության կողմից 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ հավանության արժանացած մտադրությունների մասին հուշագրով նախատեսված հարաբերությունների կարգավորումը:
Օրենքի նախագիծը խորհրդարանին ներկայացնող էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն ասաց, որ օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում թե մեծածավալ ներդրումների իրականացմանը, թե էկոլոգիական մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը: Իսկ օրենքի ընդունման արդյունքում ներդրումների հոսքը Հայաստան և մշակման համար անհրաժեշտ գարծարանի կառուցումը կնպաստի նոր աշխատատեղերի բացմանը:
«Օրենքի իրականացումը ենթադրում է Սյունիքի մի շարք պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի, հանքախյուսերի վերամշակում: Մենք ունենք կոնսերվացված երկու պոչամբար` Ողջին և Փուխրուտը: Դրանց ծավալները համեմատաբար փոքր են: Ամենախոշորը Արծվանիկն է` 310 մլն խմ ծավալով: Այն լցված է արդեն իր 95 տոկոսի չափով: Այն դեռևս կոնսերվացված չէ. գործում է: Այնտեղ տարեկան մոտ 18 12.5 մլն խմ հանքանյութ է լցվում»,- ասաց փոխնախարարը:
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մինչև 330 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ անել: Արդյունքում` 12.5 մլն խորանարդ մ կուտակված նյութերից վերցնել ու վերամշակել կառուցված գործարանում: Արդյունքում կստացվի մի քանի տեսակի արտադրանք, այդ թվում` մետաղական խտանյութի տեսքով` առնվազն 4 տեսակի և տարբեր տեսակի այլ նյութեր, որոնք հնարավոր կլինի օգտագործել տարբեր բնագավառներում: