Հայաստանի խորհրդարանն այսօր սկսեց աշխատանքային հերթական քառօրյան: Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը, որոնց թվում է նաեւ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին, սակայն, մտահոգում է սահմանին տիրող իրավիճակը: Խորհրդարանականները միաձայն պահանջում են փակ հանդիպում վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի, կապված ՊՆ ղեկավարման որակի հետ: Նա առաջարկեց պարզաբանումներ պահանջել ղեկավար կազմից:
«Շքեղ մեքենաները, ջիփերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, բայց չկա հասարակ ալինկո, որը կար 25 տարի առաջ: Տղաներն իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որն էլ պատճառ է դառնում լրացուցիչ զոհերի»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով պարզաբանում պահանջել ՊՆ-ից, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում բյուջեից տրամադրված գումարները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը եւս մտահոգված է, ասաց՝ հասարակությունը եւս սպասում է շատ հարցերի պատասխանների՝ կապված ապրիլյան իրադարձությունների հետ. «Կան հարցեր, որոնք բաց տեքստով հնչեցնելը վտանգավոր է: Չենք կարող ձև անել, թե ոչինիչ չի եղել: Մենք ունենք լուրջ քննարկելու բան եւ անելիք»
ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Մեր արտահայտութուններում պետք է զգույշ լինենք, ԱԺ-ն ձև չի արել, առաջին օրից խորհրդակցություններ ենք անցկացրել, եղել կապ մեջ կառավարության եւ Արցախի մեր գործընկերների հետ»:
Շարմազանովն առաջարկեց բոլոր հուզող հարցերը կառավարությանն ուղղել չորեքշաբթի օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց՝ եթե ասում են փակ քննարկում, ուրեմն կան հարցեր, որոնք պետք է տրվեն առանց լրատվամիջոցների ներկայության:
«Եթե գործընկերներս բարձրացնում են նույն հարցը, ուրեմն նշանակում է՝ խնդիր կա, նշանակում է՝ ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունը, նշանակում է՝ այդ փակ նիստից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարիք ունեն ավելի լուրջ եւ համակողմանի քննարկման, որը չպետք է լինի բաց՝ կառավարության հետ հարցո պատասխանի տեսքով»,- ասաց Զոհրաբյանը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում փակ նիստ հրավիրել ՀՀ ռազմական եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների, վարչապետի մասնակցությամբ:
Շարմազանովը շարունակեց նույն ոգով. «Տիկի´ն Զոհրաբյան, ավելի բարձր տոնով խոսելը ձեր ոչ հմայքն է ավելացնում, ոչ ձեր փաստարկն է ուժեղացնում, եթե ցածր ասեք՝ կլսեմ, կհասկանամ»:
Ապա խոստացավ քննարկել պատգամավորների առաջարկն ու պատասխանել:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ շեշտեց՝ պետք է արագ որոշում ընդունել. «Դրական է, որ պատրաստ եք քննարկելու, բայց պետք է շատ արագ լինի. Կան խնդիրներ, կան հարցադրումներ, որոնք իրապես հրապարակային չեն: Բացի դա, բավականաչափ պարզ՝ մենք իրավիճակին բախվել ենք դիրքերում եղած ժամանակ»:
«Հասկացանք, լսեցինք, որ կա խնդիր, կա առաջարկություն: Կքննարկենք ձեզ կասենք»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Շողիկ Գալստյան