Նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու նպատակով Բաղրամյան 26 այս օրերի ընթացքում հյուրընկալվեցին խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ: Քննադատություններից զերծ չմնացին ինչպես Սերժ Սարգսյանի հետ ընդհանուր սեղանի շուրջ քննարկում ծավալած, այնպես էլ նախագահի հրավերը մերժած ու սահմանադրական փոփոխություններին կտրուկ «ոչ» ասող կուսակցությունները:
Այս ամենի վերաբերյալ լսեցինք «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի կարծիքը։ Ըստ վերլուծաբանի՝ Սահմանադրությանը դեմ լինելու դեպքում պետք է հասկանալ՝ հնարավո ՞ ր է այնպես անել, որ Սահմանադրությունը չանցնի: «Եթե այդ տարբերակը տեսնում ենք, ապա շարժվում ենք այդ տարբերակով: Հաշվի առնելով իշխանության ռեսուրսները, ժողովրդի վhատվածության աստիճանը, կարծես թե, նման տարբերակ չկա, չնայած բացառել չի կարելի: Ճիշտ քայլն այն պետք է լինի, որ հաշվի առնես՝ եթե ես չեմ կարող թույլ չտալ, որ Սահմանադրությունն անցնի, ես կարո՞ղ եմ ինչ-որ բարեփոխումների գնալ, որ այդ տեքստի մեջ որոշ բաներ փոխվեն կամ հանվեն»,- ասում է Արծրուն Պեպանյանն ու ընգծում` այս տեսակետից ճիշտ է գնալ քննարկումների, ներկայացնել կոնկրետ տեսակետներ՝ փորձելով արդյունքների հասնել:
Պեպանյանը չի բացառում նաեւ, որ այդ հանդիպումների նախաձեռնությունը կարող է խորամանկ քայլ լինել իշխանությունների կողմից՝ «լավի ու վատի տրոհում առաջացնելու նպատակով»: «Դա նորմալ է քաղաքականության մեջ, մարդիկ աշխատեցնում են իրենց ուղեղները. պարզապես պետք է կարողանալ իրենցից խելացի լինել»,- նշեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահը: