Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մեր հասարակության սպասելիքներն անթիվ էին ու անհամար: Մարդը, քաղաքացին սպասում է, որ նոր իշխանությունները, որոնք երկրի ղեկը ստանձնել են հեղափոխության շնորհիվ, միանգամից կկարողանան լուծել պատերազմող երկրի բոլոր խնդիրները: Սակայն այդ ամենը մեկ ամսում, վեց ամսում, մեկ տարում լուծվող խնդիրներ չեն, կան դեպքեր, երբ մեզ տարիներ են անհրաժեշտ՝ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Եկեք հասկանանք, թե այս պահին ինչ է կատարվում մեր երկրում, մեր շուրջն ու առհասարակ մեզ հետ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հայաստանում կիրառվեց բռնության ամենադաժան, բայց և քողարկված տեսակներից մեկը: Նախորդ տարիներին՝ մեդիայի զարգացմանը զուգահեռ տարվեց հրեշավոր քաղաքականություն: Մեդիաաղբի միջոցով տարիներ շարունակ հայ ժողովրդին դարձրին անգրագետ, այդ ամենին զուգահեռ Հայաստանից հեռանում էր քիչ թե շատ մտավոր ունակությունների և հնարավորությունների տեր խավը: Միջին խավը արտագաղթեց, և աղքատությանը զուգահեռ տարատեսակ բռնություններով և այլանդակություններով ռեյտինգ ապահովող սերիալներն ու մարդուն ծաղրող թոք շոուները բթացրին հասարակությանը:
Եվ հիմա «Կիսաբաց լուսամուտներով» և «Որոգայթ» սերիալներով կրթված խավին դժվար կլինի բացատրել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բոլոր խնդիրները միանգամից լուծվել չեն կարող, և որ ամեն փոփոխություն կատարվում է ժամանակի ընթացքում:
Այս պարագայում մարդը հարց է տալիս. «Իսկ ինչո՛ւ հեղափոխություն արեցինք, եթե միանգամից չէինք կարող բոլոր խնդիրները լուծել»: Պատասխանը պարզ է. «Հեղափոխություն եղավ, որ պետությունն ազատագրվի ընտրակեղծիքներից, համակարգված կոռուպցիոն բուրգից, չինովնիկի լկտի որդուց, ազատության մեջ մնացող մարդասպանից, հղփացած դեպուտատից: Հեղափոխություն եղավ, որ մարդիկ լինեն հավասար և ազատ»:
Հավասարության և ազատության մասով էլ պետք է մարդկանց սովորեցնել, որ հավասարություն և ազատություն չի նշանակում անպատժելիություն, ազատություն՝ չի նշանակում, որ նախկինում ջիպերի վարորդների արածներն այսօր կարող են անել օպելի վարորդները: Առհասարակ, ազատությունը ոչ մի աղերս չունի լկտիության հետ: Իսկ մեր հասարակության մեջ, ներողություն ճշմարտության համար, գերակշռող է դարձել լկտիությունը: Լկտիությունն էլ անգրագիտության հետևանք է:
Այս իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի կրթությունը: Պետք է բոլորին սովորեցնել, որ չի կարել աղբ թափել, հայհոյել, լկտիանալ և որոշել, թե կարող ես ապօրինի ծառ հատելով ապրել: Տասնյակ տարիներ են հարկավոր, որպեսզի հասարակությունը կրթվի, ինտեգրվի 21-րդ դար և մոռանա հետամնաց և ասիական այն բարքերը, որոնք արմատներ են գցել մեր մեջ:
Մարդն էլ, ի վերջո, որքան էլ դժվար լինի, պետք է հասկանա, որ չի կարելի ծեծել կնոջը, երեխային, թույլին: Չի կարելի վիրավորել այն մարդուն, ով վատ բան է ասում, ընդունենք, երկրի նոր ղեկավարներին:
Խորքային, արմատացած և քաղցկեղի պես տարածված հազարավոր խնդիրներ կան, որոնց մեղավորը մենք ինքներս ենք: Երկրում իրավիճակ կփոխվի այն ժամանակ, երկիրը կսկսի արագընթաց զարգացում ապրել այն ժամանակ, երբ մենք հաղթահարենք մեր մեջ նստած ամենամեծ ողբերգությունը՝ անգրագիտությունը: Լավ ապրելու համար պետք է շատ աշխատել, կրթվել, կարդալ ու սովորել, իմանալ քո իրավունքներն ու հարգել դիմացինի իրավունքները: