Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աժ-ում այսօր քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարակից զեկուցող, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հարց ուղղեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ փորձելով պարզել, թե ինչ է քայլեր են արվում ուռուցքաբանության ոլորտում լավագույն մասնագետներ ունենալու համար. «Հայաստանում կառուցվում է Ուռուցքաբանական կենտրոն, բայց մենք գիտենք, թե մեզ մոտ ինչ ողբալի վիճակում է այդ ոլորտը: Հայաստանում չկա գեթ մեկ, քիչ թե շատ վճարունակ քաղաքացի, որը նման ծանրագույն հիվանդության դեպքում իր առողջությունը վստահի այս ոլորտի մասնագետներին: Կարող ենք ունենալ շենքային առումով լավագույն կենտրոնը, բայց չունենալ լավագույն մասնագետներ»: Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց նաև հակաքաղցկեղային, քիմիոթերապիայի դեղերի ունեցած հետևանքների մասին. «Հանրության շրջանում կարծիք կա, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ հակաքաղցկեղային նույնանուն դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից, որակական առումով և իրենց ազդեցությամբ խիստ տարբերվում են»:
Առողջապահության նախարարը պատասխանեց. «Գործող ուռուցքաբանական կենտրոնը, որը տարեկան ընդունում է շուրջ 20 000 հիվանդ, անշուշտ, մեծ աշխատանք է կատարում և կարիք ունի արդիականացման»:
Նա նաև նշեց, որ կիսում է հնչած մտահոգությունները, բայց այդ հարցին գնահատական կարող են տալ միայն գիտականորեն հիմնավորված լաբորատոր փորձաքննությունները, որն արդեն Հայաստանում իրականություն է:
Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկեց քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր մշակել:
«Հայաստանն այն բացառիկ եռյակի մեջ է, որտեղ քաղցկեղը երիտասարդացման շատ լուրջ միտում ունի, և երեխաների շրջանում, հատկապես, թիվը գնալով մեծանում է: Չե՞ք կարծում, որ իմաստ ունի մտածել քաղցկեղի դեմ պայքարի ագզային ծրագրի մասին: Եվ, ի վերջո, այդ մասնագետները որտե՞ղ են վերապատրաստվելու, ի՞նչ կերպ է կազմակերպվելու վերապատրաստումը»: Դեղերի հետ կապված իր մտահոգություններն էլ ներկայացրեց օրինակով. «Խմեք եվրոպական ցանկացած երկրից ցավազրկող Նուրոֆեն և խմեք մեր դեղատներից. ձեր գլխացավը կկրկնապատկվի»:
Արմեն Մուրադյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր մշակվում է, բայց դա չի նշանակում, որ պետական ծրագրեր չպետք է իրականացվեն: