Hraparak.am— ը գրում է.
2000-ական թվականներին Հայաստանում սկսվեց ունեցվածքի մեծ վերաբաշխում, թալան, սեփականատերերի ունեզրկում։
Առաջին թիրախը Երեւանի կենտրոնում բնակելի կամ բիզնես-տարածքներ ունեցողներն էին, որոնց ունեցվածքը կոպեկներով խլվում եւ յուրացվում էր հանուն «հանրային շահի»։ Հետագա զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ այս գործընթացում շահ ունեցողը ոչ թե հանրությունն էր, այլ բարձր պաշտոններ ու հովանավորություն ունեցող անձինք… Նրանք էին դառնում մարդկանց սեփականության, նաեւ ճակատագրերի տերերը։
«Ամբողջ քաղաքը՝ Քոչարյանից, Սերժից սկսած, շատ լավ գիտեին, թե Ավետիսն ով է։ Բոլոր գործերը նա անում էր Լեւոն Սարգսյանի անունով, նրա օգնությամբ։ Ի՞նչ անեինք։ Պատ էր, գլխով խփում էինք, հետ էինք գնում»,- պատմում է պետական կարիքների զոհերից մեկը՝ Արամի 30, բն․ 11 հասցեում գտնվող խանութի տերը՝ Աշոտ Մարտիրոսյանը։ Այս հասցեում, որտեղ խորհրդային ժամանակներում մի մեծ բնակարան էր, հետագայում երեք փոքրիկ խանութներ տեղավորվեցին՝ ներքնազգեստների, հագուստի, կոշկեղենի։ Աշոտ Մարտիրոսյանը խանութներից մեկի տերն էր։ Նա ձայնասկավառակներ էր վաճառում։ Համակարգչային տեխնոլոգիաների բուռն զարգացման շրջանում անցավ հագուստի։ Մարտիրոսյանին եւ մյուսներին, ըստ նրանց, ունեզրկել է սիրիահայ կառուցապատող Ավետիս Կարագուլյանը։ Մենք արդեն անդրադարձել ենք բուռն դատական կենսագրություն ունեցող այս անձի մեկ այլ զոհի՝ «Լիլիթ» խանութի սեփականատեր Աշոտ Թադեւոսյանի պատմությանը։ Թադեւոսյանը միակն է, ով կարողացավ պաշտպանել իր ունեցվածքը Սերժ Սարգսյանի եղբոր հովանավորյալի ոտնձգություններից, սակայն արդեն 10 տարուց ավելի է՝ ամեն վայրկյան կանգնած է ունեզրկման վտանգի առաջ։ Ավետիս Կարագուլյանը չի հրաժարվել «Լիլիթ» խանութը քանդելու ծրագրերից, ինչի մասին հայտնեց նաեւ «Հրապարակի» հետ զրույցում։ Նա դրանք պատրաստվում է իրագործել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած մի ապօրինի որոշման հիման վրա։ Մեր անդրադարձից հետո մեզ հետ կապվեցին մի խումբ գործարարներ, որոնք եւս դատական պատերազմներ են մղել Ավետիս Կարագուլյանի դեմ, բայց հիմնականում պարտվել են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում