ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ համայնքների խաղողագործներին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել 2015-ին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:
Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ և ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն «Վինար» ՍՊԸ-ի և «Արմա Ալկո»-ի միջև կոնյակի սպիրտի վաճառքի իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, և ամենաուշը մինչև տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները:
«Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը մարվեն առավելագույնս սեղմ ժամկետում, և նախարարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Վեդի Ալկո» ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը, և այսօրվանից սկսել է խաղողագործների պարտքերի մարման գործընթացը:
Նախարարը հորդորել է գյուղացիներին ցանկացած հարցի և դժգոհության դեպքում դիմել նախարարություն` վստահեցնելով, որ պատրաստակամ են ձեռնարկել բոլոր միջոցները խնդիրներին լուծում տալու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների:
Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունը պարտք է Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքներին: Հանդիպման ընթացքում նախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը և վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել: «Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ և խնդրել է քննարկել մինչև վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը: