Քննարկվում է նախագիծ, որը որպես փաթեթ ներկայացվում է իբրև բարելավում, շարունակում է 2008-2009թթ-երից սկսած սոցիալական ոլորտի կազմալուծման աշխատանքները, ԱԺ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով, եթե պետք է փոփոխություն կատարվի, ապա դա պետք է լինի հայեցակարգի մակարդակով, իսկ հայեցակարգ չկա, որի արդյունքում էլ հասարակության շրջանում սկսվում է անհանդուրժողականություն:
«2010թ-ին, երբ ընդունվեց օրենք «Ժամանակավոր անաշխատունակության մասին» փոխեց ամբողջ փիլիսոփայությունն այս ոլորտում: Սոցիալական ապահովագրության համակարգից ոչ միայն անցում կատարվեց սոցիալական ապահովության համակարգին, այլ նաև առաջին անգամ ՀՀ անկախ հանրապետության մեջ հղիության և ծննդաբերության համար տրվող վճարները սկսեցին հարկվելը՝ արդյունքում խեղաթյուրելով այդ վճարների հիմնական իմաստն ու նպատակը»,- ասաց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ «խաղի կանոնները փոխելու համար պետք է բարի լինել տվյալ խաղի կանոններով աշխատող մարդկանց հարցնել փոփոխությունների մասին:
Պատգամավորը սխալ համարեց աշխատավարձերի քաղաքականությունը փոխարինել նպաստների քաղաքականությամբ, իսկ դա էլ նշանակում է՝ չպատկերացնել, թե ինչ է սոցիալական քաղաքականությունը, պետությունը:
«Դուք՝ որպես ԱԺ պատգամավորներ, պատասխանեք՝ ձեզ դուր կգա՞, եթե ասեն՝ ձեր տարեկան մեկ վարձատրվող աշխատավարձի փոխարեն ստանալու եք նպաստներ: Չե՞ք ասի՝ մենք աշխատում ենք, ինչ նպա՞ստ»,- ասաց պատգամավորն ու հավելեց՝ ներկայացված նախագծի համար յուրաքանչյուրն իր խղճի առաջ մեղավոր կլինի: