Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ գերմանական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ հայկական կողմը երբեք դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։
«Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»,- ի պատասխան գերմանացի լրագրողի հարցին՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ակնհայտ է, որ Ռուսաստանն արդեն երկու-երեք տարի է բացահայտ նպատակ է դրել ՝ Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայություն ապահովելու:
«Երբ անցած տարի Ջեյմս Ուորլիքը մեկնեց Մոսկվա, ռուսական ռադիոկայանին տված հարցազրույցում հիմնական քննարկման թեման խաղաղապահների տեղակայումն էր: Երկու խնդիր է քննարկվում՝ մոնիթորինգի հետաքննության մեխանիզմի ներդրում եւ խաղաղապահների տեղակայում»,- ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի խոսքով՝ այս ամենը նշանակում է՝ ամերիկյան կողմը ցանկանում է մոնիթորինգի միջոցով կանխել հնարավոր պատերազմը, իսկ ռուսական կողմը՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ:
«Ռուսներն ասում են՝ կապ չունի՝ ով է սկսել, մենք գնանք էնտեղ, ամերիկացիներն ասում են՝ չէ, եկեք հասկանանք, թե ով է սկսել (խոսքը պատերազմի մասին է-հեղ.)»,- պարզաբանեց Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ քաղաքագետի՝ Արցախի եւ ՀՀ նախագահի դիրքորոշումները համընկնում են եւ «վերին աստիճանի ճշգրիտ են»:
Լեռնային Ղարաբաղի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց՝ խաղաղապահ զորքերի տեղակայման գաղափարն Արցախի համար ընդունելի կլինի միայն մի դեպքում:
«Խաղաղապահների տեղակայման գաղափարը կարելի է ընդունելի համարել միայն մի դեպքում՝ եթե ամեն ինչ լինի կարգավորված, Ադրբեջանը ճանաչի Արցախի հանրապետությունը, կարգավորվեն բոլոր խնդիրները՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական, մեկը մյուսի սահմանները ճանաչեն, այդ դեպքում կարելի է որոշ տեղերում սիմվոլիկ ձևով խաղապահներին տեղակայել»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ այդ դեպքում էլ գուցե անհրաժեշտություն չլինի:
Նրա խոսքով՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը միակն է , որտեղ հարաբերական խաղաղությունը, չհաշված այս պատերազմը (նկատի ունի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկած մարտական գործողությունները), ընդհանուր առմամբ, կողմերի միջև պահպանվում է՝ առանց երրորդ ուժերի ներգրավման:
Շողիկ Գալստյան