Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում խաբեությունները շարունակվում են:
Araratnews.am-ին դիմած քաղաքացին հայտնում է, որ սուպերմարկետների ցանցի «հավատարիմ հաճախորդների» համար գործում է հատուկ գին-ակցիա: «Հավարիմ հաճախորդների համար ամեն ամիս սահմանվում են ապրանքատեսակների զեղչեր: Նկարում նշված աման լվանալու հեղուկի գինը կիսով զեղչվել էր: Ցանկացա 4 հատ գնել: Բայց պարզվեց, որ չեմ կարող 4 հատ գնել, այլ 3 հատը՝ ակցիայով, մյուսների համար՝ ամբողջ գին: Ստացվում է այսկերպ խաբեությամբ հաճախորդ են իրենց կողմը գրավում»,- ասաց քաղաքացին, նշելով, որ դեպքը եղել է Տիգրան Մեծի 10-ում գործող (նախկին «Երևան» կինոթատրոնի հարևանությամբ) «Երևան սիթիում»:
Լուսանկարում երևում է, որ թե որն է զեղչված գինը և որը՝ սովորական գինը:
Սուպերմարկետների ցանցի հետ կապված facebook սոցիալական ցանցի օգտատեր Նառա Ավետիսյանն էլ գրում է.
«Հարգելի համաքաղաքացիներ
Դեռևս շարունակվում են «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անօրինականությունները: Հունիսի 1-ին՝ ժամը 17-ն անց 25 րոպեին Կոմիտասի 60/2 հասցեում գնել եմ «Հայկական կծու պղպեղ», որի կիլոգրամի համար սրահում փակցված է 690 դրամ գնապիտակը, սակայն դրամարկղում գանձումը կատարվում է 830 դրամով: Իմ բարձրացրած աղմուկից մոտեցած մենեջերը մեկնաբանեց, որ կատարվել է գնային փոփոխություն, և առաջարկեց հետ վերադարձնել, որից ես հրաժարվեցի: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…»