Հրապարակվել է Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի (WTTC) 2016թ.-ի զեկույցը, որտեղ ներկայացվել են 2015թ.-ին տարբեր երկրներում ազգային տնտեսությունների վրա զբոսաշրջության ճյուղի ազդեցության գնահատականները՝ մասնավորապես զբոսաշրջության ուղղակի և ընդհանուր ազդեցությունը ՀՆԱ-ի, զբաղվածության, ծառայությունների արտահանման և ներդրումների վրա, ինչպես նաև տրվել են զբոսաշրջիկների այցելությունների քանակը, ճյուղի աճի տեմպերը և որոշակի կանխատեսումներ:
Ներկայացնենք մի քանի տվյալներ Հայաստանի մասին այդ զեկույցից: Այս ճյուղի ուղղակի ազդեցությունը (ներդրումը) ՀՆԱ-ում կազմել է 183,4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 3,8% մասնաբաժինը: Զբոսաշրջության ուղղակի ազդեցությունը ներառում է տվյալ երկրում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկների բիզնես նպատակով կամ հանգստի նպատակով ուղղակի ծախսած գումարները և Կառավարության իրականացրած ծախսերը մշակութի, հանգստի ոլորտներում, որոնք ուղղակիորեն կապված են զբոսաշրջիկներ ներգրավելու հետ:
Իսկ ընդհանուր ազդեցությունը (ներդրումը) ՀՆԱ-ում կազմել է 660,9 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 13,7 % մասնաբաժինը: Զբոսաշրջության ընդհանուր ներդրումը ՀՆԱ-ում արտացոլում է ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա ավելի լայն տեսանկյունից, ընդգրկում է ուղղակի, անուղղակի և օժանդակ նշանակության ծախսերը, ինչպես օրինակ օդանավերի գնում, անվտանգության աշխատանքները, բարեկարգման աշխատանքները, հյուրանոցների կառուցում և այլն:
Հայաստանում 40 հազար մարդ կամ զբաղվածների 3,3 %-ը ուղղակի կերպով ներգրաված է զբոսաշրջության ճյուղում: Այստեղ ընդգրկված են հյուրանոցներում, տուրիստական գործակալություններում, ավիաընկերություններում և զբոսաշրջիկներ փոխադրող ընկերություններում զբաղվածները: Իսկ ընդհանուր ներգրավածությունը կազմում է՝ 147 հազար մարդ, կամ զբաղվածների 12,2 %-ը:
Ներգնա զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 437,5 մլրդ. դրամ, կամ ընդհանուր արտահանման (ծառայությունների և ապրանքների արտահանումը միասին) 29,6%-ը: Ներդրումները այս ոլորտում կազմել են 40,6 մլրդ. դրամ, կամ ամբողջ ներդրումների 4,8%-ը:
Զեկույցում կանխատեսվում է, որ 2016 թ.-ին զբոսաշրջության ոլորտում վերը նշված բոլոր ցուցանիշների առումով Հայաստանում աճ կգրանցվի:
Մեր հարևան երկրներից Վրաստանում պատկերը այսպիսին է՝ ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ում 7,1%, իսկ ընդհանուր ազդեցությունը 23,5%: Զբոսաշրջության ճյուղում ուղղակի զբաղվածների թիվը կազմում է 100,5 հազար կամ զբաղվածների 5,8%-ը, իսկ ընդհանուր զբաղվածները կազմում են՝ 347 հազար կամ զբաղվածների 20,1%-ը: 231,7 մլն. վրացական լարի ներդրումներ կամ ներդրումների 3,4%-ը իրականացվել են այս ոլորտում: Ներգնա զբոսաշրջությունից եկամուտները կազմել են ընդհանուր արտահանման (ծառայությունների և ապրանքների արտահանումը միասին) 36,4 %-ը:
Իսկ Ադրբեջանում այս ճյուղի ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ի մասնաբաժնում կազմել է 2,8%, իսկ ընդհանուր ազդեցությունը ՀՆԱ-ում՝ 10,5%: Ուղղակի զբաղվածները կազմել են՝ 118,5 հազար մարդ կամ զբաղվածների 2,6%-ը, իսկ ընդհանուր զբաղվածների թիվը կազմել է 438 հազար, կամ զբաղվածների թվի 9,5%-ը: Ներդրումների 2,9%-ը իրականացվել են այս ոլորտում: Ներգնա տուրիզմից եկամուտները կազմել է ընդհանուր արտահանման (արտահանվող ապրանքներ և արտահանվող ծառայությունները միասին) 13,7 %-ը: