տուն Լուրեր Վթարի ժամանակ վարորդները կարո՞ղ են հրաժարվել վարչական վարույթից (ակտից). իրազեկում վարորդներին

Վթարի ժամանակ վարորդները կարո՞ղ են հրաժարվել վարչական վարույթից (ակտից). իրազեկում վարորդներին

272
0

1394382946_avaria

Այսօր հասարակության շրջանում ինչպես մյուս ոլորտների, այնպես էլ ԱՊՊԱ ոլորտի մասին իրազեկվածության խնդիր կա: Օրինակ` ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում շատ օրենքներ, որոնք կարող են պաշտպանել վթարի մասնակից վարորդների իրավունքները, աշխատում են նրանց դեմ, եթե նրանք լիարժեք չեն տիրապետում օրենքի կետերին:

ՃՏՊ-ների ժամանակ հաճախ է լինում, երբ վարորդներն ընդունում են իրենց մեղքը և չեն դիմում ճանապարհային ոստիկանությանը վարչական վարույթից խուսափելու նպատակով, քանի որ տեղյակ չեն, որ կարող են հրաժարվել վարչական վարույթից. «Այս մասով հանրության մեջ ոչ բավարար իրազեկվածություն կա. մարդիկ կարծում են, որ ճանապարհային ոստիկանին դեպքի վայր հրավիրելով անպայման պետք է վարչական տուգանք վճարեն, բայց այդպիսի բան չկա: Օրենսդրությամբ վարույթ մշտապես իրականացվել է կողմերի ցանկությամբ, եթե, իհարկե, մարմնական վնասվածքներ չկան»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նա նշեց, որ 2016-ի սեպտեմբերից ճանապարհային ոստիկանությունը վարորդների կողմից վարչական վարույթից հրաժարվելու դեպքերում հավաքում է ելակետային տվյալներ, որոնք բավարար են ապահովագրական համակարգում փորձաքննություն անելու և մեղավորությունը որոշելու համար. «Վարորդները, համապատասխանաբար, անկախ միմյանց միջև ձեռք բերված համաձայնությունից կամ վեճի առկայություն-բացակայությունից, եթե չեն ցանկանում վարույթ իրականացնել, ապա ճանապարհային ոստիկանն իրավունք չունի պարտադրել վարչական վարույթի իրականացում, եթե, իհարկե, չկան մարմնական վնասվածքի դեպքեր»:

Իսկ վարչական վարույթից հրաժարվելու դեպքում, Ավետիսյանի խոսքով` պատահարի գրանցման փաստաթղթերը, որոնք լրացնում են ճանապարհային ոստիկանները, ամբողջությամբ բավարար են, որպեսզի ԱՊՊԱ ոլորտում փորձաքննություն կատարվի, և որոշվի մեղավորությունը: Գործընթացն ապրիլի 1-ից իրականացվում է 7-օրյա ժամկետում:

«Նախկինում թեև վարորդները կողմից վարչական վարույթից հրաժարվելու հնարավորություն կար, բայց այս դեպքում մեղավորությունը որոշելու հարցը բաց էր մնում: Այսօր վարչական վարույթ պահանջում կամ հրաժարվում են միայն կողմերը: Իսկ եթե վարորդը հրաժարվում է վարչական վարույթից, ճանապարհային ոստիկանը գրանցում է պատահարը, գրանցման մեջ մտնում է նաև հետվթարային դիրքերի գծագիրը, սխեման»,- նշեց մեր զրուցակիցը, ընդգծելով, որ եթե ՃՏՊ կողմերը հրաժարվում են վարույթից, ճանապարհային ոստիկանությունը չի իրականացնում դա և որևէ վարչական վարույթի խնդիր չկա:

Գործադիր տնօրենը նաև հավելեց, որ քաղաքացիները շատ դեպքերում ճանապարհային ոստիկաններին են դիմում վարույթ իրականացնելու համար, չիմանալով, որ կարող են հրաժարվել դրանից. «Այդպիսի դեպքեր շատ են լինում, երբ վեճի առկայության դեպքում վարորդները խնդրում են ոստիկաններին վարույթ իրականացնել, այնինչ վարույթից հրաժարվելու դեպքում նույնպես հնարավոր է  որոշել մեղավորությունը»:

Էմմա Հովսեփյան