տուն Քաղաքական Վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է․ Մերի Գալստյան

Վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է․ Մերի Գալստյան

198
0

«Էլարդ կազմակերպության փորձաքննության գնահատականների վերաբերյալ մնում եմ նույն կարծիքին. Լիդիան ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր և թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների և գնահատականների վստահելիությունը: Բայց կուզենայի հատկապես շեշտել մտահոգությունս հետևյալի շուրջ. Էլարդ ընկերությանը ներկայացված տեխնիկական առաջադրանքի պայմաններում (ToR) տրվել են հարցեր, որոնց Էլարդը չէր կարող և իրավունք էլ չուներ պատասխանելու, մասնավորապես` հանքի շահագործումը ազդելու է Սևանա լճի վրա, թե ոչ, ազդելու է  Ջերմուկի ջրերի վրա, թե ոչ, ազդելու է ջրային համակարգի վրա, թե ոչ: Այս հարցերին հստակ պատասխան տալու համար Էլարդը պետք է նոր ՇՄԱԳ աներ, այլ ոչ թե արված ՇՄԱԳ-ը և մի շարք այլ փաստաթղթեր ուսումնասիրեր: Ըստ էության, Էլարդը կատարել է մեր Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը` այն է ուսումնասիրել ՇՄԱԳ-ը, բացահայտել թերությունները և բացերը: Ինչն էլ կազմակերպությունն արել է և զեկույցի 1-3-րդ գլուխներում հստակ մատնանշել զգալի բացեր ու թերացումներ` թե ելակետային տվյալների և թե դրանց գնահատման մեթոդաբանական հիմքերի և շատ այլ կետերով, որոնք բերում են սխալ հաշվարկների, գնահատումների և անորոշությունների հանքի շահագործման ռիսկերի առումով: Կարդալով վերոնշյալ գլուխներն ամբողջությամբ`որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է: Այս մասին հայտնել եմ վարչապետին “Իմ քայլը” խմբակցության հետ ունեցած հանդիպման ընթացքում և շարունակում եմ մնալ նույն կարծիքին»:

Գրել է պատգամավոր Մերի Գալստյանը։