Օքսֆամ Մեծ Բրիտանիա կազմակերպության կողմից իրականացվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ դիմակայունությանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում հունիսի 11-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում էր Վրաստանի պատվիրակությունը:
Հանդիպման նպատակն էր նախարարության և մարզային ու տեղական իշխանության կառույցների հետ արդյունավետ համագործակցության ներկայացումը և երկրում ԱՌՆ հնարավորություններին ծանոթանալը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նախ և առաջ անդրադարձավ նախարարության ստեղծմանը.
-Ուզում եմ շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին 1988թ. Սպիտակի երկրաշարժին ցուցաբերած մեծ օգնության համար: Հենց այդ աղետալի երկրաշարժից հետո՝ 1991թ.-ին, ստեղծվեց Արտակարգ իրավիճակների վարչությունը՝ հետագայում վերածվելով հզոր նախարարության, որն իր մեջ է ներառում տարբեր ծառայություններ:
Ն. Գրիգորյանը խոսեց նաև նախարարության կարևորագույն ձեռքբերման մասին՝ շուրջ երեք տասնյակ սայլակավոր հաշմանդամ այսօր աշխատում է ՏԿԱԻՆ համակարգում:
Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչ Ռուսուդան Թևզաձեն հետաքրքրվեց Հայաստանի հանրակրթական դպրոցներում աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներով և կիսվեց իրենց ձեռքբերումով.
-Մեր դպրոցներում մենք հետաքրքիր նորամուծություն ունենք: Նոր առարկան՝ «Ես և հասարակությունը», դասավանդվում է տարրական դասարաններում և աշակերտներին նախապատրաստում է քաղաքացիական պաշտպանությանը, ինչպես նաև սովորեցնում առաջին օգնության կանոնները:
Անդրադառնալով դպրոցներում կազմակերպվող դասընթացներին՝ ՀՀ ՏԿԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հ. Եմիշյանն ասաց.
— Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը նախատեսում է աղետների արձագանքման և նվազեցման ծրագիր իրականացնել: Ժամանակ առ ժամանակ նախարարության կողմից կազմակերպվում են նաև վարժանքներ:
Վրաստանի պատվիրակությանը ներկայացվեց նաև ՀՀ Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծման պատմությունն ու գործունեությունը:
Հանդիպման վերջում ներկաները շրջայց կատարեցին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ տեղում ծանոթանալով «911» ծառայության աշխատանքներին