Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարները համաձայնություն են ձեռք բերել, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ: Համաձայնությունը ձեռք է բերվել Լևոն Մկրտչյանի և Ալեքսանդր Ջեջելավայի` Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի ԿԳ նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ կրթության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում: Նաև քննարկվել են Հայաստանի տեխնիկական և ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները: