տուն Լուրեր Վրաստանը «Գազպրոմից» 10 տոկոս գազ է պահանջում դեպի Հայաստան տարանցման համար

Վրաստանը «Գազպրոմից» 10 տոկոս գազ է պահանջում դեպի Հայաստան տարանցման համար

101
0

Gazprom-Iran-Armenia-e1449647733148Վրացական կողմը նորից համաձայն չէ ռուսական գազը Հայաստան տեղափոխելու համար Թբիլիսիին գումարային փոխհատուցում վճարելու «Գազպրոմի» դիրքորոշման հետ եւ ցանկանում է հետագայում էլ տարանցումից 10 տոկոս գազ ստանալ։ Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վրաստան հիմնական գազ ներկրողը Ադրբեջանն է, սակայն Ռուսաստանից Վրաստանը ստանում է  ռուսական գազի Հայաստան մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար։

«Ինչ վերաբերում է «Գազպրոմի» հետ պայմանագրին, ապա վրացական կողմը հետեւյալ պայմաններն է առաջադրել, որպեսզի Վրաստանը նորից պայմանագրի նախկին պայմաններն ունենա, այսինքն՝ նորից ստանա ռուսական բնական գազի տարանցման 10 տոկոսը»,- ասել է Քալաձեն։

Քալաձեն նախկինում հայտնել էր, որ «Գազպրոմը»  ցանկանում է ռուսական գազը Հայաստան տեղափոխելու համար գումարային փոխհատուցում վճարել Վրաստանին, եւ որ  կողմերը քննարկում են Վրաստանի կողմից աճող դեֆիցիտի պատճառով գազի լրացուցիչ ծավալներ ստանալու հարցը։

Սակայն ուրբաթ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը տարեկան լրացուցիչ 500 մլն խ/մ գազ է արտահանելու Վրաստան։

«Արդյունքում Վրաստանը գալիք տարիների ընթացքում ապահովված կլինի բնական գազի բավարար քանակով»,- ասել էր Քալաձեն։