տուն Լուրեր «Վրացական ավիաուղիները» արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ է կրում

«Վրացական ավիաուղիները» արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ է կրում

88
0

Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով «Վրացական ավիաուղիներ»-ը մի քանի շաբաթվա ընթացքում կորցրել է մոտ 25 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է ընկերությունը, որը ստիպված է եղել վերադարձնել արդեն վաճառված ավիատոմսերի մոտ 80 տոկոսը: «Բացի այդ, կտրուկ նվազել է տոմսեր ձեռք բերել ցանկացողների թիվը», — նաև փոխանցում են ընկերությունից:

Ավելի վաղ երկրի իշխանությունները որոշել են աջակցել «Վրացական ավիաուղիներին» և մասնակի փոխհատուցել ընկերության կրած վնասները: Վրաստանի կառավարության կայացրած որոշման համաձայն, երկրի խոշորագույն ավիաընկերությանը՝ «Վրացական ավիաուղիներ»-ին առաջիկա շաբաթներին շուրջ 600 հազար եվրո կտրամադրվի Երևանի օդանավակայանով դեպի Թբիլիսի ու Բաթումի թռիչքներ իրականացնելու համար, անցած շաբաթ հաղորդեցին վրացական լրատվամիջոցները:

«Վրացական ավիաուղիներում», հիշեցնենք, ֆինանսական այս խնդիրներն առաջացել են հունիսի վերջին Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումից հետո, որով հուլիսի 8-ից Ռուսաստանի և Վրաստանի միջև բոլոր ուղիղ չվերթները դադարեցվել են անորոշ ժամկետով:

Վրաստանում հակառուսական ակցիաներին հաջորդած պաշտոնական Մոսկվայի այս քայլից հետո «Վրացական ավիաուղիները» հայաստանյան գործընկեր ավիաընկերության` «Արմենիայի» միջոցով ռուսաստանցի զբոսաշրջիկների տարանցիկ տեղափոխման ծրագիր նախաձեռնեց: «Արմենիան» նույնպես հիմնադրվել է «Վրացական ավիաուղիների» սեփականատերերի, մասնավորապես՝ վրաց գործարար Թամազ Գաիաշվիլիի կողմից:

Azatutyun.am