տուն Լուրեր Ովքեր կհայտնվեն խորհրդարանում՝ ըստ Թեւան Պողոսյանի

Ովքեր կհայտնվեն խորհրդարանում՝ ըստ Թեւան Պողոսյանի

97
0

 Tevan

Araratnews.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Պարո՛ն Պողոսյան, քարոզարշավը մոտենում է ավարտին, եթե հետեւել եք, ապա ինչպե՞ս կգնահատեք ընթացքը:

Քարոզարշավի մեկնարկին առիթ ունեցել եմ իմ կարծիքը հայտնելու  եւ ասելու, որ ավելի շատ կցանկանայի ծրագրային քննարկումներ լսել: Ցավում եմ, որ այդ իմաստով գուցե չունեցանք այն, ինչ ես կուզենայի տեսնել, հիմա ունենք այն, ինչ ունենք: Ես արդեն կարծիքս կազմել եմ, գիտեմ՝ ո՛ւմ եմ ձայնս տալու, իսկ մնացածը, եթե հարցեր ունեն, պետք է այս 4 օրերին բարձրաձայնեն: Քարոզարշավ անող քաղաքական ուժերն էլ պետք  է հասկանան՝ ի՛նչ բացեր են մնացել, եւ փորձեն անդրադառնալ:

Ըստ Ձեզ՝ կուսակցություններն ու դաշինքները իրենց ծրագրերը ներկայացնելու մասով թերացա՞ն:

Տեսեք՝ գուցե պատրաստ են եղել ներկայացնելու, բայց անկախ իրենց կամքից եւ այլ քննարկումների են մասնակից դարձել, այսինքն՝ ստացվում էր այնպես, որ չէին կարող գալ եւ ասել՝ սա է մեր մոտեցումը, սա ենք առաջարկում եւ այլն… Ձեւավորվում էին իրավիճակներ, որոնց ժամանակ ավելի շատ անցյալի քննադատությանն էին ուշադրություն դարձնում, քան ապագային, իսկ ընտրություններն ապագայի մասին են: Ինձ, օրինակ, շատ են հետաքրքրում կոնկրետ 5 տարվա գործողությունները՝ սկսած 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ է անելու, ինչ է փոխելու եւ այլն… Սա նպաստելու է պարզ եւ իրազեկված ընտրության անցկացմանը, որպեսզի ընտրողն էլ պահանջատեր դառնա:

Ինը քաղաքական ուժերից ո՞րը ճիշտ քարոզարշավ անցկացրեց:

Նորարարությունները, ցավոք, շատ քիչ էին: Երեւի «Ելք» դաշինքի դեպքում էին ավելի շատ նորարար մոտեցումները եւ համակարգված քարոզարշավը, մնացածը ոնց որ թե տարբեր տարիներին մենք տեսել էինք, եւ երբեմն քարոզարշավային փաթեթների կրկնություն էր հիշեցնում, բայց ոչ թե այդ նույն կուսակցության, այլ մի կուսակցությունը մյուս կուսակցության նախկինում եղած մոտեցումների իմաստով: Տպավորություն էր, որ առաջին շաբաթվանից հետո քարոզարշավն ավարտվել էր, եւ հարցերը քննարկվում էին մեղադրանքների դաշտում, կամ գալիս էին, բեմը դնում, նույն խոսքն ասում, երբեմն անդրադառնում իրենց դուր չեկած հարցերին:

Հանրապետական կուսակցության քարոզարշավի հիմնական բեռը վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին էր, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց նրա «դեմքով» անցկացնել քարոզարշավը:

Որոշել էին թարմություն մտցնել, բացի դա, փորձել են հասկանալ, թե իրենց շարքերում ում ռեյտինգն է ավելի բարձր, նրա վրա էլ շեշտը դրել են: Ի միջի այլոց, բոլոր ուժերն էլ այդպես են առաջնորդվել, օրինակ՝ « Ծառուկյան» դաշինքը, այնտեղ էլ Գագիկ Ծառուկյանն էր իր վրա վերցրել քարոզարշավի ողջ ծանրությունը, եւ այդպես էր բոլորի դեպքում: Դա բերեց այն վիճակին, որ այնքան էլ հեշտ չընկալվեց խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը: Չնայած շատերը շեշտում էին՝ մենք պետք է հասկանանք, որ սա է միակ ընտրությունները, ընտրելու ենք մի քաղաքական միավոր, որը եթե մեծամասնություն կազմի, ապա կձեւավորի ողջ իշխանական բուրգը:

Ձեր կանխատեսմամբ՝ ովքե՞ր կհաղթահարեն անցողիկ շեմը:

Տեսեք՝ իշխող կուսակցությունը կլինի խորհրդարանում՝ օգտագործելով ամբողջ պետական, ադմինիստրատիվ ռեսուրսը, «Ծառուկյան» դաշինքը, բնականաբար, հույս ունեմ նաեւ՝ «Ելքը», «Ազատ դեմոկրատները» կլինեն խորհրդարանում, որպեսզի ունենանք բալանսավորված Ազգային ժողով, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տարիքային, նոր շունչ հաղորդելու իմաստով:

Ցավում եմ, որ Ընտրական օրենսգիրքն իր բոլոր նրբերանգներով այնպես է կառուցված, որ մենք տանում ենք ոչ թե քաղաքական դիսկուրսի ընտրություններ, այլեւ անձերի եւ անձի դեմքով ընտրությունների, լավագույն օրինակներից էլ Կարեն Կարապետյանն է:

Հանրապետականի եւ «Ծառուկյան» դաշինքի դեպքում ասացիք, որ կհաղթահարեն, իսկ «Ելքի» եւ «Ազատ դեմոկրատների» պարագայում ընդամենը ցանկություն եք հայտնում:

Ես հուսով եմ, որ իրենք այնտեղ կհայտնվեն: Եթե իմ ցանկությունն ամբողջությամբ հայտնեմ, ապա կցանկանայի տեսնել «Ելքի» հաղթանակը, ունենային 50+1 մեկ ձայն, եւ ունենայինք նոր իշխանություն, բայց գիտակցում եմ, որ գործող Ընտրական օրենսգրքով շատ դժվար է լինելու այդ տեսակի փոփոխություն ակնկալել:

Իսկ մյուս ուժե՞րը:

«Հայկական վերածնունդն» ու Դաշնակցությունն ունեն ձեւավորված ընտրազանգված, ժամանակին լինելով իշխանության հետ միասին` կարողացել են բջիջներ ձեւավորել եւ այլն, դրա համար գուցե կարողանան հաղթահարել շեմը եւ հայտնվել խորհրդարանում: ՕՐՕ-ի դեպքում էլ ուրախ կլինեմ, որ հայտնվեն այնտեղ, ուրախ կլինեմ, որ ունենանք Սեյրան Օհանյան պատգամավոր, վստահ եմ՝ ինքը նոր շունչ կամ ոճ կբերի:

Շողիկ Գալստյան