ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասել էր, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման դեմ ընդվզած քաղաքացիները իր կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ են: «Հրապարակը» գրել է, որ բողոքի ակցիան կազմակերպել է Գորիսի ավագանու անդամ Գարիկ Գրիգորյանը:
Araratnews.am-ը կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ՝ տեղեկանալու, թե ովքե՛ր են ճանապարհ փակած կուսակցականները. «Նրանք ոչ թե կուսակցականներ են, այլ կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացրածներ: Իսկ թե ովքե՛ր են՝ մանրամասներին չեմ տիրապետում»:
Լուրեր կան, որ ՔՊ-ում վերջին շրջանում բոլորը չէ, որ դրական են ընդունում կադրային փոփոխությունները, Վահան Կոստանյանն ասաց. «Կարող են լինել անհատներ, որոնք այլ տեսակետ ունենան: Մենք ներքին ժողովրդավարություն ունենք, յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտում է»,- ասաց մամուլի խոսնակը:
Հնարավո՞ր է այս միջադեպից հետո ՔՊ-ական դառնալու հայտ ներկայացրածներին մերժեն, Վահան Կոստանյանն ասաց՝ այդ հարցը դեռ չի քննարկվել:
Սոնա Դավթյան