Մայիսի 14-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրություններ: Այսօր ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից որեւէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:
Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ համապատասխան որոշումը եւ ցուցակի հարցը կքննարկեն վաղվա գործադիր մարմնի նիստում: Հարցին, թե Տարոն Մարգարյա՞նն է լինելու ՀՀԿ-ի` քաղաքապետի թեկնածուն, Ռուբեն Թադեւոսյանը դրական պատասխան տվեց: «Կարծում եմ` այո, բայց պետք է որոշում լինի»,- ասաց նա:
Արդյոք «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի՞ Երեւանի ավագանու ընտրություններին` ճշտել չհաջողվեց: ԲՀԿ-ականները հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաև Զարուհի Փոստանջյանի հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
«Ելք» դաշինքը եւս կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Թե ով է գլխավորելու ցուցակը` դեռ հայտնի չէ:
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն էլ Araratnews.am-ին փոխանցեց, որ դեռ ժամանակ ունեն, եւ քննարկում են մասնակցության հարցը:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը դեռեւս չի քննարկել նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը: «Դեռ որեւէ որոշում չենք կայացրել»,- ասաց նա, հավելելով, որ մինչեւ ապրիլի 9-ը ժամանակ ունեն:
Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ապա մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը մեզ փոխանցեց, որ ամենայն հավանականությամբ վաղը տեղի կունենա կուսակցության նիստը, որի ժամանակ էլ կընդունեն որոշում եւ կհայտարարեն:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքից մեկնաբանություն ստանալ նույնպես չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ը։ Իսկ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կկատարվի ապրիլի 9-14-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:
Փայլակ Ֆահրադյան