տուն Լուրեր Ովքե՞ր են հավակնում Երեւանի քաղաքապետի աթոռին

Ովքե՞ր են հավակնում Երեւանի քաղաքապետի աթոռին

142
0

123-588x352

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին Araratnews.am-ի հարցին ի պատասխան ասել էր ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը: ՀՀԿ ամբողջական ցուցակի հարցը նախատեսվում է քննարկել այսօր երեկոյան տեղի ունենալիք կուսակցության գործադիր մարմնի նիստում:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում  անդրադարձել էինք, թե որ քաղաքական ուժերն են հավակնում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու: Նշենք, որ մասնակցության մասին հստակ հայտարարել է ԵԼՔ դաշինքը, սակայն թե ով կգլխավորի ցուցակը՝ չի նշվում: ՀՅԴ-ում քննարկումներ են ընթանում: ՕՐՕ դաշինքը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Ընտրություններին կմասնակցի նաեւ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան»  դաշինքին, ապա չի բացառվում, որ դաշինքի թեկնածուն կլինի «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Նշենք, որ շարժումը ձեւավորվել էր խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ եւ ԱԺ ընտրություններին մասնակցեց դաշինքով, սակայն Արման Վարդանյանը տեղ չգտավ ցուցակում: Հայտարարվեց, թե նա Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորի «Ծառուկյան» դաշինքը:

Araratnews.am-ի հետ զրույցում Արման Վարդանյանը նշեց, որ այս պահին թիմային աշխատանք են կատարում: «Այս պահին գնում են խորհրդատվական աշխատանքներ, վերջնական երկու օրվա ընթացքում մենք ամբողջությամբ մեր քարտեզը եւ ցուցակը կհրապարակենք եւ ով որ տեղն է զբաղեցնելու, եւ ինչ ձեւով է դաշինքը ընտրություններին մասնակցելու»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ ցանկացած ընտրություն, լինի համապետական թե ՏԻՄ, իր համար ինքնանպատակ չէ, կլինի թիմային որոշում, որից հետո ինքն իր տեսակետը կասի:  «Ցանկությունն այստեղ անհատի խնդրով չի լուծվում, այլ այն, թե Երեւանը, երեւանցին ինչ իշխանություն պետք է ունենա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր հնարավոր մրցակիցներին, ապա Արման Վարդանյանը նշեց, որ երբ իրենք մասնակցության վերաբերյալ որոշում կայացնեն, ինքն իր կարծիքը կհայտնի:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դեռեւս որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել:

Փայլակ Ֆահրադյան