տուն Լուրեր Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

121
0

ww-320x228

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է իր «2015 թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» ՄԻՊ զեկույցը, որը բաղկացած է 455 էջից:

Ծավալուն զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է 2015 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր աղմկահարույց իրադարձություններին: Նախաբանում ասվում է, որ տարեկան հաղորդումն արտացոլում է 2015 թվականին արձանագրված, ինչպես նաև Պաշտպանի` նախորդ տարիներին հրապարակած տարեկան զեկույցներում բարձրաձայնված և 2015 թվականի դրությամբ լուծում դեռևս չստացած խնդիրները:

Առանձին գնահատվել է իրավապահ և անվտանգության համակարգը, առողջապահության, մշակույթի համակարգերը, տեղական ինքնակառավարումը, կանանց, երեխաների, փախստականների, հաշմանդամների իրավունքների վիճակը:

Ուշադրության է արժանի հատկապես դատախազության, արդարադատության համակարգերին, ոստիկանությանը վերաբերող կետերը:

Դատախազության վերաբերող բաժնում առաջարկվում է.

•հսկողություն իրականացնել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ,

•բացառել որպես վկա անձի հայտնած տեղեկությունների հիման վրա վերջինիս նույն կամ մեկ այլ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու պրակտիկան:

•միջոցներ ձեռնարկել դատախազության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով, պատշաճ պատասխանել քաղաքացիներին, ինչպես նաև տրամադրել վերջիններիս բողոքների առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը:

ՀՀ Արդարադատության համակարգին վերաբերող գլխում շարադրված է, որ

«2015 թվականին ՔԿՀ-ներում կրկին գրանցվել են գերբնակեցման, վատ վերաբերմունքի, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային անբավարար պայմանների խնդիրներ»:

 ՀՀ Ոստիկանությանը վերաբերող գլխում ՄԻՊ-ն անդրադարձել է 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային: Զեկույցում նկարագրվում է, որ ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Հատկանշական է, սակայն, որ չի հիշատակվում այն մասին, որ ոստիկանության կողմից կիրառվել է ջրցան մեքենա՝ ցուցարարներին ցրելու համար:

«2015թ.-ին կրկին արձանագրվել են Ոստիկանության կողմից խաղաղ հավաքների սահմանափակման որոշ դեպքեր, այդ թվում` ոչ իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի բերման ենթարկում»:

ՄԻՊ կողմից առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը ձեռնարկել միջոցներ ապահովելու խաղաղ հավաքների իրավունքը, այդ թվում՝ բացառել ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառման, ոչ իրավաչափորեն հավաքը ցրելու, անձանց ազատ տեղաշարժը սահմանափակելու, ինչպես նաև անհարկի բերման ենթարկելու դեպքերը, ինչպես նաև նախաձեռնել համակարգային միջոցառումներ՝ ուղղված Ոստիկանության ծառայողների էթիկայի կանոնների և մասնագիտական հմտությունների բարձրացմանը»:

ՄԻՊ զեկույցում հիշատակվում է, որ 2015-ին գրանցվել են իրավապաշտպանների, լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման, վերջիններիս նկատմամբ բռնության կիրառման դեպքեր, որոնց կանխման, բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ Ոստիկանությունը չի ձեռնարկել բավարար քայլեր:

Մանրամասներին ծանոթացեք ՄԻՊ 2015 տարեկան զեկույցում: