Երեւանի Ազատության հրապարակում իշխանափոխության պահանջով նստացույց անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին ոստիկանությունը այսօր՝ հունվարի 27-ին, թույլ տվեց հովանոց տեղադրել Ազատության հրապարակում:
Ոստիկանությունը երկար ժամանակ չէր համաձայնում «Նոր Հայաստանի» պահանջին, սակայն Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ժամանելուց հետո նստացույցի մասնակիցներին թույլատրվեց հովանոց տեղադրել, նաեւ նաեւ ոստիկանությունից վերցնել Ազատության հրապարակից հունվարի 26-ի լույս 27–ի գիշերն առգրավված գույքը, բացառությամբ այն իրերի, որոնք կապ ունեն վրանի հետ, օրինակ՝ վրանատիպ ծածկոցներն ու քնապարկերը:
«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի պնդմանը, թե ոստիկանությունը պարբերաբար սադրանքի է դիմում եւ խոչընդոտում է նստացույցը, Աշոտ Կարապետյանը նշեց, որ իրենք ունեն նստացույցի մասնակիցների կողմից հասարակական կարգի խախտման բոլոր տեսագրությունները:
«Մենք բոլոր զապիսները ունենք եւ հանդուրժողականություն ենք դրսեւորել ձեր հանդեպ եւ տեսեք, թե ինչի է բերում մեր հանդուրժողականությունը»,-ասաց ոստիկանապետը:
Այս պահին «Նար Հայաստանի» քաղխորհրդի անդամենրը ոստիկանության բաժնում են, նրանք, որտեղից կվերցնեն առգրավված իրերը եւ ոստիկանության հետ կհամաձայնեցնեն, թե որ իրերը կկարողանան տեղադրել հրապարակում, որոնք` ոչ: