տուն Լուրեր Ոստիկանների նման պահվածքը ոչ մի իրավական հիմք չուներ. Հայկուհի Հարությունան

Ոստիկանների նման պահվածքը ոչ մի իրավական հիմք չուներ. Հայկուհի Հարությունան

111
0

top

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները խոսեցին փետրվարի 11-ին  ՀՀ նախագահի նստավայրի դիմաց վերջիններիս և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

«Չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ, բայց լսեցի, որ  ոստիկանները հրահանգ ստացան մեզ տեղափոխել դիմացի  մայթ: Ես փորձեցի կապվել Մարդու իրավունքների արագ արձագանքման խմբի հետ, որպեսզի նրանք գան և պարզեն, թե ինչ է տեղի ունենում: Ես լսեցի, որ ոստիկանները ուզում էին շղթա կազմել ու մեզ ցրել այդտեղից»,-ասաց զոհված զինծառայողի ծնող Գոհար Սարգսյանը:

Անդրադառնալով դեպքինˋ «Պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ ոստիկանների նման գործողությունները որևէ ձևով չեն արդարացվում. «Եթե անգամ նրանք հղում են կատարում այն փաստին, որ ցուցարարները ընդունելի հեռավորության վրա պետք է գտնվեին, ես անգամ չեմ ուզում անդրադառնալ այս հարցին, այստեղ ծագում է ուրիշ հարցˋ արդյո՞ք իրավաչափ էր մարդկանց նման ձևով հեռացնելն այդ տարածքից: Ոստիկանների նման պահվածքը ոչ մի իրավական հիմք չուներ»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ևս դատապարտեց ոստիկանների նման վերաբերմունքը.   «Այս կանանց հետ կատարվածը ողբերգություն է, իսկ նրանց հանդեպ կատարվածըˋ կրկնակի ողբերգություն:  Իշխանությունները ոչ միայն այս կանանց նամակներին  չեն պատասխանում, չեն վշտակցում նրանց, այլ նման կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս: Ես, անկեղծ,  ամաչում եմ դրա համար: Սա մեր պետության ամոթն է»,-նկատեց բանախոսը:

Վերջինս ընգծեց, որ իրենց կազմակերպությունը խաղաղ հավաքների կազմակերպմամբ է զբաղված և երբ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, իրականում ոչ թե ցուցարարներն են բորբոքում վիճակը, այլ հաճախ հենց ոստիկանները:

 

Վարդուհի Ստեփանյան