Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելիս ոստիկանության հատուկջոկատայինները նաեւ ծեծել եւ բերման ենթարկել ակցիան լուսաբանող լրագրողների։
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ծեծել եւ բերման են ենթարկել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ «Ինձ բոլոր ոստիկանների ներկայությամբ, խփելով, ծեծելով, ջարդելով, սպանելով բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանություն: Անձամբ Երեւանի ոստիկանապետի ներկայությամբ, ես գոռում եմ, բղավում եմ, ասում եմ՝ լրագրող եմ, ինձ խփում են, ծեծում են: Երեւանի ոստիկանապետին՝ Աշոտ Կարապետյանին եմ ասում՝ ես լրագրող եմ, բղավում է դե տարեք: Հենց հիմա դեմքս լրիվ կապտուկների մեջ է, խփում են ինձ, այստեղ սարսափելի բան է կատարվում»,-հեռախոսով ոստիկանության բաժանմունքից փոխանցել է Փայլակ Ֆահրադյանը:
Բերման է ենթարկվել նաեւ NEWS.am-ի ֆոտոլրագրող Արսեն Սարգսյանը, իսկ թղթակից Աիդա Հովհաննիսյանի ձեռքից ուժով քաշել եւ տարել են տեսախցիկը։
Մեր տեղեկություններով, այլ լրատվամիջոցների լրագրողների էլ են բերման ենթարկել։
Այս պահի դրությամբ հայտնի է, որ երկու տասնյակ բերման ենթարկվածներ կան Նոր-Նորքի բաժնում։ Բազմաթիվ բերման ենթարկվածներ կան նաեւ այլ բաժիններում եւս։
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների վրա նաեւ ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։
Շարունակությունն` այստեղ :