Երեկ երեկոյից Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած քաղաքացիների ուղղությամբ ջրաշիթեր արձակելով՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը սկսեց հատուկ գործողությունը։ Քաղաքացիական հագուստով ոստիկան հանդիսացող անձինք, կարմիր բերետավորները աննախադեպ բռնությունների ու խոշտանգումների միջոցով բերման ենթարկեցին նստացույցի գրեթե բոլոր մասնակիցներին ու լրագրողներին։
Բռնություն քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը կիրառում էր հատկապես նրանց բերման ենթարկելիս, քաղաքացիներին հարվածում, տապալում էին գետնին, քարշ տալով տանում դեպի ոստիկանական մեքենաներ։ Ագրեսիվ էին հատկապես քաղաքացիական հագուստով, բազուկներին police գրությամբ անձինք։
Մեր կողմից ֆիքսեցինք նաև լրագրողների նկատմամբ ակնհայտ կոպիտ ու բռնի վերաբերմունք, մասնավորապես՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանի, lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ, ոստիկանների կողմից ջարդվել են Պանարմենիան.net-ին պատկանող տեսախցիկը, բերման է ենթարկվել նրա ֆոտոօպերատորը։ Բերման է ենթարկվել նաև Ֆոտոլուրի ֆոտոլրագրողը։
Մինչ հատուկ գործողությունը ոստիկանները մոտեցան «Ազատություն» ռադիոկայանի՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող խմբին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին, տեղահան արեցին ու վնասեցին տեսաուղիղ հեռարձակող տեխնիկան:
Բաղրամյան պողոտայից քաղաքացիներին բռնի ու բիրտ մեթոդներով հեռացնելուց հետո, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի գլխավորությամբ իրականացված հատուկ գործուղության արդյունքում ոստիկան հանդիսացող անձինք մեքենաներով ու վահան-ձեռնափայտերով շրջում էին Երևանի փոքր կենտրոնի տարածքով՝ բռնությունների ենթարկելով ու խոշտանգելով «առևանգում» քաղաքացիներին։
Նստացույցի մասնակիցների ու լրագրողների՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվելու մասին հայտնում է «Հետքի» աղբյուրը։
Պարբերականի ունեցած տեղեկություններով՝ իրենց հայտնի են բերման ենթարկված հետևյալ լրագրողների անունները. «Գալա» հեռուստանընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, panarmenian.net-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, news.am-ի լրագրող Արսեն Սարգսյանը (ում ֆոտոխցիկը ոստիկանները խլել են), «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը։
«Հետքը» պնդում է նաև, որ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում բռնի ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ: Այժմ բերման ենթարկված քաղաքացիները գտնվում են ոստիկանության Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի բաժանմունքներում:
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի