Այսօր Սարդարապատում էր նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ մեր հաղթանակներին, ինչպես նաեւ պատասխանեց մի շարք հարցերի. «Ես կարծում եմ կորուստներից բացի, ապրիլը տվեց նաև միաբանում, և դա հաղթանակների շարքում պետք է տեսնենք միաբանված լինելը»:
Հարցին, հնարավո՞ր է ոստիկանական համակարգում կրճատումներ լինեն, ոստիկանապետը պատասխանեց. «Կառավարությունն այդ հարցում կապ չունի: Մենք բարեփոխումների ծրագիրն իրականացնում ենք էտապներով, դա անընդհատ պրոցես է, կենտրոնական ապարատից, ավելի պասիվ ծառայություններից տեղափոխություններ ենք կատարում»: Ոստիկանապետը նախ ցանկանում էր ճշտել «կրճատումներ» հասկացությունը, ըստ նրա, կրճատվում են տեղից տեղ տեղափոխվելու հաշվին, կրճատվում են բյուրոկրատական ապարատի հաստիքները :
Դիտարկմանը թե ԱԺ-ում քննարկվող բյուջեի կատարողականի ժամանակ որոշ պատգամավորները դժգոհել են, որ ոստիկանների հստակ թիվը չի նշվում, և տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք ոստիկանական երկրում, Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. «Ոստիկանների թիվը գաղտնի պահելը ոստիկանապետից կախված չէ, դա օրենքով է սահմանված, այն օրենքով, որը ընդունել են հենց պատգամավորները: Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու, վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»:
Անդրադառնալով լրագրող Սիրանույշ Պապյանի կողմից իրենց դատի տալու հանգամանքին, ոստիկանապետը նշեց, որ դա նրա իրավունքն է, ինքը որևէ մեկին չի վիրավորել, այստեղ պարզապես ընկալման խնդիր կա:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։