ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր քննարկվելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Խորհրդարանի ուշադրության կենտրոնում մասնավորապես կգտնվեն ոսկերչությամբ զբաղվող ՓՄՁ-ները:
«Երբ այս օրենքը ներկայացվեց Կառավարությանը, այս կետը դուրս մնաց օրենքից: Կառավարությունը պնդում է` իբր քննարկում են կազմակերպել ձեռնարկատերերի հետ, բայց Կառավարությունը քննարկում ասելով հասկանում է սեփական օրենքը բերել և փաթաթել ժողովրդի վզին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը:
Վերջինս ընդգծեց, որ ներկայում ՓՄՁ-ներն աշխատում են 3,5 %-ով, ինչպես հնում և առանց փաստաթղթավորման, մինչդեռ իդեալական լուծումն ըստ բանախոսի` ճիշտ կլինի հարկը իջեցնել 1 %-ի` առանց փաստաթղթաշրջանառության և ՀԴՄ-ների պարտադիր առկայությամբ:
«Այսօր ոսկու շուկաներում առևտուրը շատ վատ վիճակում է, կան մարդիկ էլ, որ իրենց գրպաններից են վճարում, որպեսզի իրենց աշխատատեղերից չզրկվեն»,-նշեց նա:
Հայաստանի ոսկերչությամբ զբաղվողների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բաբայանն էլ ընդգծեց` «Փաստաթղթավորումը անհնար է ոսկերչությամբ զբաղվողների դեպքում, որովհետև զարդը մինչև սեղանին հայտնվելը մի շարք մարդկանց ձեռքի տակով է անցնում, որոնք աշխատում են ապրանքի վրա, բացի այդ էլ` սա որոշակի հաշվապահական գործողություններ է պահանջում, որին ձեռնարկատերերը չեն տիրապետում»: