Հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ այդ ոլորտում առկա խնդիրների մասին araratnews.am-ը զրուցել է «Առաջին» լրատվականի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանի հետ։
«Ցանկացած լրատվական հաղորդման խնդիրը՝ տեղեկատվություն փոխանցելն է: Այլ հարց է, որ հեռուստատեսությունների լրատվականներն ասյօր ունեն որոշակի փոխված մրցակցային պայմաններում աշխատելու խնդիր: Ավելի կոնկրետ, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների գերարագ զարգացման ժամանակներում, ինֆորմացիոն հոսքերը շատ են, և սա, անշուշտ, նպաստելով հասարակության տեղեկացվածության ապահովմանը, այնուամենայնիվ առաջացրել է շատ լուրջ խնդիր, որը այսօր մտահոգում է լրատվության ոլորտի պրոֆեսիոնալներին: Աղավաղված է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ հասկացությունը: Որպես սպառող, մենք դժվարանում ենք տարանջատել ինֆորմացիան «տեղեկատվական աղբից», քանի, որ վերջինս, ցավոք, գերակշռում է: Վերջին շրջանում լրագրողական կազմակերպությունները սա լուրջ քննարկման առարկա են դարձնում: Իսկ, եթե մենք խոսում ենք հեռուսատեսային լուրերի կառուցվածքի և խնդիրների մասին ընդհանրապես, ապա, հենց այս ֆոնին նաև հեռուստաընկերությունները փորձում են լրատվության մատուցման դասական ոճը փոքր փոփոխություններով դարձնել առավել մրցակցային: Իմ կարծիքով, հեռուստատեսային լրատվական թողարկման ամենակարևոր խնդիրներից է նաև գրագետ բանավոր խոսքի և ձայնի ապահովումը, ինչն, օրինակ, երկրորդական տպագիր և էլեկտրոնային մամուլի դեպքում: Եվ այս առումով, մեր հեռուստաընկերությունները, վստահաբար անելիք ունեն:
Ավելի շատ լավ մեկնաբանների, լավ գաղափարների թե ֆինանսական ռեսուրսների կարիք ունի ՀՀ հեռուստաեթերը:
Հեռուստաընկերություններն ունեն ոչ թե լավ մեկնաբանների, այլ մեկնաբաններ պատրաստողների պակաս և սեփական ռեսուրսները ճիշտ օգտագործելու խնդիր: Մեկնաբան չեն ծնվում, սա մասնագիտություն է, որը պետք է սովորել, իհարկե, եթե մարդն ունի նաև որոշակի տվյալներ: Հեռուստատեսային լրատվության պարագայում, ոչ միայն մեկնաբանը, հաղորդավարը, այլ նաև լրագրողը պարտավոր են ունենալ կիրթ գրագետ ձայն և համապատասխան կերպար՝ կադրում աշխատելիս: Սրանք հարցեր են, որոնք շատ հաճախ անտեսվում են, ինչը հետռուսատեսության դեպքում՝ անթույլատրելի է: Ինչ վերաբերում է գաղափարներին և ֆինասական միջոցներին՝ ապա, անշուշտ դրանց կարիքը միշտ կա: Բայց ես վստահ եմ, որ այսօր մեր առաջատար հետռուստաընկերություններն ունեն հնարավորություն՝ իրացնելու հետաքրքիր գաղափարները: Հետևաբար, եթե հանրությունը գոհ չէ այսօրվա հեռուստատեսային արտադրանքից, կարծում եմ, դա ավելի շատ գաղափարների, քան ֆինանսական միջոցների պակասի արդյունք է: Բայց, եթե դեմ չեք, կուզեի խոսել ոչ միայն խնդիրների մասին: Այսօր հեռուստատեսության աշխատողի օրն է, և ես շնորհավորում եմ բոլոր իմ գործընկերներին: Հեռուսատեսության մարդկանց համար, հեռուստատեսությունը միայն աշխատավայր չէ. դա ապրելակերպ է, և հավատացեք, սա բացարձակ չափազանցված բնորոշում չէ: Հեռուստատեսությունն իմ կյանքի շատ կարևոր մասն է, առանց որի ես ինձ չեմ էլ պատկերացնում: Վստահ եմ, որ դեռ շատ անելիք ունեմ իմ հեռուստատեսային գործունեության ընթացքում: