ԱԺ «Իմ քայլը» խբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային․
«Որոշ մտորումներ Ստամբուլյան կոնվենցիայի մասին:
Ինչպես հայտնի է, դրա 33-րդ հոդվածով այն վավերացնող երկրներն ըստ էության պարտավորվում են ՔՐԵԱԿԱՆԱՑՆԵԼ «դիտավորությամբ շարունակաբար կատարվող այն գործողությունները, որոնք հարկադրանքի կամ սպառնալիքների միջոցով լրջորեն խախտում են մեկ այլ անձի հոգեբանական անձեռնմխելիությունը»:
Այլ կերպ ասած` կոնվենցիայի վավերացման ու դրանից բխող ազգային օրենսդրության փոփոխության արդյունքում սեփական կնոջ, զուգընկերոջ կամ որևէ այլ կնոջ (քանի որ կոնվենցիայի գործողության շրջանակը այլ անձանց նկատմամբ բռնություն կարծես թե չի ենթադրում կամ ներառում) նկատմամբ հոգեբանական բռնություն գործած անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ իսկապես, մեր հասարակության մեջ հոգեբանական բռնությունը ահռելի մեծ մասշտաբներ ունի: Սակայն տոկոսային հարաբերակցությամբ դրա զոհի կարգավիճակում առաջնային տեղում (առնվազն սուր դրսևորումների կտրվածքով) ամենևին կանայք չեն, այլ տղաներն ու տղամարդիկ: Բակ, դպրոց, համալսարան, բանակ, քրեակատարողական հիմնարկներ. սա այն վայրերի ոչ ամբողջական ցանկն է, ուր հայաստանցի տղաների մի հսկա շերտ համատարած ու անընդհատ ենթարկվում է ամենաագրեսիվ ու անողորմ հոգեբանական բռնության, որը հաճախ հանգեցնում է ճակատագրական հետևանքների:
Արդեն վաղուց սովորել ենք այն վիճակագրությանը` համաձայն որի` գրեթե յուրաքանչյուր տարի բանակում ինքնասպանությունների ու ծառայակցի կողմից հասցված մահվան դեպքերը մի քանի անգամ ավելի են, քան հակառակորդի գնդակից զոհված զինվորների թիվը: Էլ չենք խոսում այն հարյուրավոր դեպքերի մասին, երբ միանգամայն առողջ, կյանքով լի երիտասարդը բանակից վերադառնում է հաշմված, հոգեկան խնդիրներ ձեռք բերած ու լիովին կոտրված վիճակում:
Այնինչ բանակում հոգեբանական բռնությունը որևէ իրավական գնահատականի կարծես թե չի արժանանում` ՀՀ քր.օրենսգրքում այդպիսի հոդվածի բացակայության պատճառով: Եվ միայն երբ բանը բանից անցել է, այսինքն անձն արդեն չդիմանալով իր արժանապատվության ստորացմանն ու դաժան կտտանքներին` կյանքին վերջ է տվել, նրան ինքնասպանության հասցնող անձը կարող է դատապարտվել ազատազրկման` առավելագույնը (ընդամենը) երեք տարի ժամկետով:
Ինչպես հասկանում եք, սա ոչ միայն վտանգում է մեր երեխաների ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան հանդարտությունը, այլև ուղիղ սպառնալիք է բանակի մարտունակությանն ու երկրի պաշտպանունակությանը: Եվ հետևաբար, իմ խորին համոզմամբ` հենց այսպիսի հարցերի լուծումը պետք է լինի մեր պետական այրերի ԱՌԱՋՆԱՅԻՆ հոգածության առարկան:
Հ.Գ. Որևէ բռնություն մերժելի է:
Հ.Գ.2 Կնոջ նկատմամբ բռնությունն այնքան մերժելի է, որ կարգավիճակս թույլ չի տալիս հրապարակային դրա մասին արտահայտվել այնպես, ինչպես մտածում և զգում եմ:
Հ.Գ.3 Որևէ կնոջ չեմ կամենա ենթարկվել այնպիսի բռնության ձևերի, որոնց կյանքի տարբեր փուլերում ենթարկվում են տղամարդիկ:
Հ.Գ.4 Ընտանիքներում հոգեբանական բռնության առաջնային զոհ հիմնականում կրկին տղամարդիկ են, և սրա հետ վիճելն ուղղակի անիմաստ է:
Հ.Գ.5 Որևէ կերպ չեմ պատկերացնում` ով և ինչպես է պարզելու, թե ամուսինն ինչպես և ինչ չափով է կիրառել հոգեբանական բռնությունը: Ամեն դեպքում, մարդուն ազատությունից զրկելու համար լուրջ հիմքեր են հարկավոր:
Թերևս շարունակելի…»։