Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռը, ըստ որի Քոչարյանը կրկին կալանավորվեց։
Araratnews.am-ը կապ հաստատեց Քոչարյանի պաշտպանական խմբից Արամ Օրբելյանի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել նրանք։
«Այս պահին որոշված է վճռաբեկ բողոքարկման հարցը։ Եվ աշխատում ենք բողոքարկման այն մասի վրա, որը գործընթացի հետ է կապված։ Այսինքն՝ այն հանգամանքները, որի համար որոշումներ պետք չեն, իսկ որոշումները ստանալուց հետո նաև դրանց բողոքարկման հարցը կքննարկենք։ Մոտակա 1-2 օրվա ընթացքում, բողոքարկումից բացի, թիմով կքննարկենք նաև մնացած գործընթացների մասով»։
Հարցին՝ արդյոք Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին կդիմի՞ Արցախի ներկա և նախկին նախագահներին անձնական երաշխավորություն ստանալու հարցով, Օրբելյանը նշեց, որ չի կարող այդ հարցը մեկնաբանել, և միայն պաշտպանական թիմի հետ քննարկումից հետո կորոշեն հետագա քայլերը։
«Վերաքննիչի որոշումները պետք է ստանանք՝ հասկանալու՝ ի՛նչ հիմքով և ի՛նչ պատճառաբանությամբ է որոշում ընդունվել, դրանից հետո միայն կարող ենք մնացած հարցերը քննարկել»,- ասաց Քոչարյանի պաշտպանը։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն․ «Եվրոպական դատարանում ունենք մի քանի բողոք ընթացիկ, այդ թվում նաև՝ կքննարկենք կա՛մ լրացում անելու հարցը, կա՛մ եթե տեսնենք՝ օրենքն ամբողջությամբ բողոքի շրջանակներում կարող է տեղավորվել, ապա կքննարկենք նաև նոր բողոք ներկայացնելու հարցը»,- եզրափակեց նա։