Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարց ուղղելով Հարությունյանին, հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարությունում այդքան աշխատակիցների առկայությունը։
«110 մլրդ ընդհանուր աշխատավարձ է տրվում, եթե միջին աշխատավարձով հաշվեն, կստացվի 60 հազար աշխատող։ Որքանո՞վ է այդքան աշխատողների թիվը մոտիվացված և արդարացված։ Եթե լինի 50 հազար, ի՞նչ է, «կատաստրոֆա՞» կլինի։ Ուզում եմ հասկանալ` արդյո՞ք կառավարությունը քայլ առ քայլ մոտենում է տնտեսումներ անելուն»,- ասաց պատգամավորը։
Նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ 60 հազար քաղծառայողներ չկան, և այս հաշվարկների մեջ մտնում են նաև ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ քաղծառայողների թիվը 7500 է:
«Մեծ չէ, ավելին՝ բավականին սահամանափակ է։ Եթե խումբ առ խումբ նայեք՝ նոր կարող եք հասկանալ` հնարավո՞ր է կրճատումներ անել։ Տեսականորեն կարող եմ ասել, որ ցանկացած պարագայում կարող են լինել կրճատումներ, սակայն պետք է հասկանալ` դա նպաստելո՞ւ է աշխատանքի արդյունավետությանը։ Միշտ էլ հնարավոր է կրճատումներ անել, սակայն պետք է հասկանալ` արդյոք կլինե՞ն տեսանելի արդյունքներ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը։
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց, թե արդյո՞ք 1 միլիոն աղքատության պայմաններում չպետք է անցնել արագ տնտեսման ռեժիմին։ Կառավարության աշխատակազմի ղեկավարն էլ պատասխանեց, որ նման ռեժիմիով միշտ պետք է գործել, սակայն այն չպետք է հասնի ծայրահեղության։ «Տնտեսման ռեժիմը ճիշտ պետք է լինի, քանի որ չկա մի պետություն, որ գոհ լինի իր ունեցած գումարից, բայց այն չպետք է հասնի ծայրահեղության։ Եթե խոսքը գնում է արարողակարգերի վրա տնտեսելուն, ապա ասեմ, որ համամիտ չեմ, քանի որ վերջում պարզ է դառնում, որ կորցրեցիր շատ ավելին, քան ծախսելու էիր։ Տնտեսումներ անհրաժեշտ են, և մենք տնտեսել ենք, քանի որ այս տարի ձեռք չենք բերել նոր մեքենաներ սակայն այնպես չէ, որ դա միշտ է այդպես լինելու, քանզի դա իսկապես կլինի ծայրահեղություն» — շեշտեց Դավիթ Հարությունյանը։