ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացման նպատակով ներդրվելու է տեղեկատվական համակարգ։ Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար կտրամադրվի: Այս մասին 2019թ․ հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ չնշելով, սակայն, այդ գումարի չափը:
Վերջինս խորհրդարանին վստահեցրեց, որ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող տեղեկատվություն այդ համակարգով չի շրջանառվելու, տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա։
Ինչպես հաղորդում է armtimes.com-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ հունիսի 21-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ այդ տեղեկատվական համակարգի ներդրման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի չափի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։
Չնայած Ա․ Վանեցյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին, թե գումարի չափը չի կարող հայտնել պետական գաղտնիք լինելու պատճառով, ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին պատասխանել է, որ «ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չունի»՝ հայտնում է աղբյուրը։