10 օր առաջ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքը սկսվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո: Այս մասին տեղեկատվությունը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատվել է նաև Գլխավոր դատախազության կողմից, մինչդեռ դատախազությունը միայն երեկ է Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարցաքննության չներկայացած վկաներին բերման ենթարկելու ցուցում տվել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:
Միաժամանակ նախաքննական և հետաքննական մարմիններին ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բերման ենթարկվածներ կա՞ն , թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ օրվա երկրորդ կեսին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն, իսկ մինչ այդ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, սակայն, համոզված է՝ գլխավոր դատախազի տարածած հաղորդագրությունը ձևական բնույթ է կրում, և որևէ հետևանք չի ունենալու:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Սուրիկ Խաչատրյանի որդին Հայաստանում չէ:
«Որևէ նշանակություն չունի Սուրիկ Խաչատրյանի որդին Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ. նրան ոչ ոք չի պատրաստվում բերման ենթարկել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ալեքսանյանը հիշեցնելով. «Այդ նույն դատախազն էր ստանձնել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի պաշտպանությունը Բուդաղյանների գնդակահարության ժամանակ»:
Իրավապաշտպանը նշեց՝ որևէ վստահություն չունի, որ այս գործն ընթացք կստանա և մեղավորները կպատժվեն: Միակ հույսն այն է, որ տուժող կողմն իր բողոքի ձայնը բարձրացնի:
«Այդ ընտանիքը պետք է կարողանա՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով, համախոհներին համախմբելով, որոնք Հայաստանում շատ են, հասնել արդյունքի. իրավապահ մարմինները Հայաստանում չեն աշխատում, և հարցերը լուծվում են այլ հարթության մեջ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանն ու ավելացրեց՝ Սուրիկ Խաչատրյանի գործոնը պետք է վերանա Հայաստանից:
Հիշեցնենք, որ ծեծկռտուքի արդյունքում տուժել են Հարություն և Մուշեղ Զաքարյանները, 32-ամյա Հարություն Զաքարյանն էլ քրգործի շրջանակներում երեկ ներգրավվել է որպես տուժող:
Շողիկ Գալստյան