«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին պատգամավորը հայտարարեց այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին:
«Տնտեսության վիճակը, այո´, ծայրահեղ ծանր է: Եվ կառավարությունն այն հայտարարությունները, որ անում էր, թե պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որ մենք քաղաքական կամք ունենք պայքարելու այս կամ այն երևույթների դեմ, միայն հայտարարելով չէ: Քաղաքական կամքի իրացման համար, այսպես ասած, թույլտվություն է պետք»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց` Հայաստանի տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է:
Լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ կլինի «Բարգավաճ Հայաստանի» ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, քանի որ շատերն են պնդում, թե կուսակցության հետևում կանգնած է նախկին վարչապետը, ԲՀԿ-ական պատգամավորը վրդովվեց. «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, եւ եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, էն ռեսուրսները, որոնք նա դրել է, մեր քաղաքական ուժից չի խլել եւ ոչ էլ կարող է խլել, դա «Բարգավաճ Հայաստանինն» է: Որևէ մեկը մեր ժողովրդի վերաբերմունքը մեր քաղաքական ուժի նկատմամբ չի կարող խլել»:
Ճշտող հարցին, թե Ծառուկյանը ժամանակավո՞ր է հեռացել, այսինքն` հե՞տ է գալու, Միքայել Մելքումյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Ժամանակավոր, երբ ասում եմ, ընդհանրապես ժամանակի ու տարածության մեջ ենք ապրում, հարցը պետք է ուղղեք իրեն»: