Քիչ առաջ Ազգային Ժողովում ավարտվեց եռյակի նիստը: ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողներին հայտնեց, որ եռյակի նիստը եղել է բավականին կառուցողական և արդյունավետ:
«Քննարկել ենք հիմնականում կազմակերպչական հարցեր և առաջիկա անելիքները: Համաժողովրդական շարժման գրասենյակների մասին էր, թե ինչպիսին պետք է լինեն, ինչով պետք է զբաղվեն, իսկ բովանդակային քննարկումըˋ հանրային միջոցառումների մասով էր: Մեր գործընկեր կուսակցությունների հետ բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնենք վաղը չէ մյուս օրը, որովհետեև կուսակցությունների ներսում խնդիրները քննարկելու անհրաժեշտություն է առաջացել: Կան առաջարկներ, հանրային միջոցառումների ձևի և բովանդակության մասով: Դա լրացուցիչ քննարկման կարքի ունի կուսակցություններում»,-ասաց Մարգարյանը:
Այն հարցին, թե ինչպես կարձագանքի ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը, Ստեփան Մարգարյանը ասաց.
«Ի հեճուկս շատ ցանկություններիˋ եռյակը չի պառակտվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են հավաքվել: Ես նորմալ եմ համարում, որ ամեն մեկն ունի իր տեսակետները խնդիրների վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ այսօրվա քննարկումից մենք վերջնական կոնսեսուսի կգանք վերջնական հարցերի շուրջ: Հանրահավաք բնականաբար լինելու է, և մենք որոշելու ենք՝ ինչպիսին են լինելու միջոցառումները: Որևէ դադար չկա և շարժումը միայն հանրահավաքը չի»,-հավելեց Մարգարյանը: