տուն Լուրեր Որդան կարմիրի պահպանմանն ուղղված էկոդասընթացներ` դպրոցներում (լուսանկարներ)

Որդան կարմիրի պահպանմանն ուղղված էկոդասընթացներ` դպրոցներում (լուսանկարներ)

152
0

12162401_1091265734231950_375439261_o

«Որդան կարմիր» պետական արգելավայրի մոտակայքում գտնվող` Արմավիրի մարզի հինգ համայնքների հանրակրթական դպրոցներում երեկվանից մեկնարկել են որդանի պահպանությանն ուղղված էկոդասընթացները:

Ծրագրի հեղինակ եւ դասընթացավար Գալուստ Նանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դասընթացների առաջին փուլում ընտրվել են  «Որդան կարմիր» պետական արգելավայրի վրա ազդեցություն ունեցող համայնքներից հինգը` Արմավիրի մարզի Ջրառատի, Արազափի, Եղեգնուտի, Երասխահունի եւ Արգավանդի դպրոցները, որտեղ  բարձր դասարանցիների համար կազմակերպվում են բնապահպանական դասընթացներ «Որդան կարմիր» պետական արգելավայրի եւ նույն տարածքում բազմացող որդանի պահպանության նպատակով:

12112735_1091265147565342_905301250_o

«Դասընթացներն իրականացվում են ակտիվ ուսուցման մեթոդներով, որպեսզի ներկայացված նյութն աշակերտների կողմից յուրացվի հենց դասի ընթացքում»,- ասաց Նանյանը եւ ավելացրեց, որ դասընթացները տեսական փուլից հետո կշարունակվեն գործնական ձեւաչափով:

Մինչ դասընթացների մեկնարկը ծրագրի հեղինակը նախ ցանկացել է հասկանալ, թե դասընթացի հավանական մասնակիցներն ինչ գիտեն եւ ինչ պատկերացում ունեն շրջակա միջավայրի պահպանության եւ, առհասարակ, պահպանվող տարածքների մասին` դպրոցների աշակերտներին բաժանել է հարցաթերթիկ:

12162270_1091265570898633_1925273040_o

Ջրառատի եւ Երասխահունի միջնակարգ դպրոցներում արդեն անցկացվել է վերը նշված ծրագիրը: Մասնակիցներին ներկայացվել են Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրները, լուծումներ են առաջարկվել, թե ինչպես պաշտպանել եւ մաքուր պահել շրջակա միջավայրը:  Իսկ  Հայաստանի բնության հատուկ  պահպանվող տարածքներին ծանոթանալուց հետո առանձնահատուկ ուշադրություն է սեւեռվել «Որդան կարմիր» պետական արգելավայրի խնդիրներին  եւ պահպանման միջոցառումներին:

Ջրառատում երեխաները բարձրացրել են գոմաղբի ոչ ճիշտ կառավարման եւ գյուղամիջյան կենտրոնական փողոցի  ոչ բարվոք վիճակի հարցերը եւ պնդել, որ դա մեծ վնաս է բերում գյուղին եւ մարդկանց առողջությանը:  Նաեւ առանձնահատուկ ուշադրության են արժանացել պոլիէթիլենային տարաների խնդիրները:

«Երասխահունում դասընթացի մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ գյուղում  ավելացել է ավազահանքերի շահագործումը, դա մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Առաջ քաշեցին նաեւ աղբի խնդիրը»,- նշեց Գ. Նանյանը:

59830372

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվում Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրներին եւ մասնակիցների հետ ինտերակտիվ քննարկումների ընթացքում երեխաները տալիս են խնդիրների լուծման` իրենց բանալիները:

«Դասընթացների ավարտից հետո ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով դասընթացավարը յուրաքանչյուր դպրոցից կընտրի առնվազն 5 աշակերտ, որպեսզի հետագայում սկսվի գործնական աշխատանքների փուլը` այցելություն «Որդան կարմիր» արգելավայր`  տեղում ծանոթանալու արգելավայրի ռեժիմին եւ այնտեղ պահպանվող  բուսական ու կենդանական աշխարհին: Իսկ լավագույն մասնակիցները արդեն կայցելեն  Բնության պետական թանգարան,  Կենդանաբանության թանգարան եւ Երկրաբանության պետական թանգարան, ինչպես նաեւ կլինեն նախապես ընտրված` բնության պահպանվող տարածքներից մեկում»,- հայտնեց ծրագրի ղեկավար, ագրոէկոլոգ-փորձագետ Գալուստ Նանյանը եւ հավելեց, որ դասընթացներ կանցկացվեն նաև Արմավիրի մարզի Արգավանդ, Եղեգնուտ եւ Արազափ համայնքներում: